ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՍԵՌԵՐԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծ, որով  կազմակերպություններում սահմանվում է քվոտա` ըստ գենդերային կազմի (այսինքն` յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչները չպետք է գերազանցեն 70 տոկոսը): Կառավարությունը մի շարք բացասական եզրակացություններ է ներկայացրել օրենքի նախագծին:ՀՀ տարածքային կառավարման, արդարադատության եւ էկոնոմիկայի նախարարություններն իրենց եզրակացություններում նշել են, թե քանի որ ՀՀ Սահմանադրությամբ է երաշխավորված կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, ապա նման օրենքի անհրաժեշտություն չկա: Այսինքն` Սահմանադրության 29-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք, որով ամեն ինչ ասված է: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ-ում ներկայացված մի քանի կանանց հետ` պարզելու նրանց վերաբերմունքը գենդերային հավասարության մասին օրենքի վերաբերյալ: Որպես ընդհանուր պատկեր` պետք է նշել, որ նման գենդերային ուղղվածության օրինագծերը երբեմն  կանանց համար վիրավորական են: Օրինակ` ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ով այս օրերին գտնվում է Ստրասբուրգում, նման օրինագծերի հետ կապված միշտ  հիշում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ի այն  կարգախոսը, որ «բոլոր կենդանիները  հավասար են, բայց կան կենդանիներ, որոնք ավելի հավասար են»: Դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը նախ խոստովանեց, որ լավ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ապա, այնուամենայնիվ, նշեց, որ մենք նման օրենքներով կրկին վերադառնում ենք հեծանվի գյուտին` մի կողմից նման օրենքներ, մյուս կողմից այն փաստը, որ Առաջին հանրապետությունը, ի տարբերություն մի շարք եվրոպական երկրների, ունեցել է կին պատգամավոր: Նաեւ` որ կանայք ե՛ւ հիմա, ե՛ւ խորհրդային տարիներին ընտրել եւ ընտրվել են: Սակայն մյուս կողմից, ըստ նրա, կա խնդիր, եթե կուսակցություններին պարտադրվում է իրենց քվոտաներով խորհրդարան ներկայացնել կանանց: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ոչ միայն երկու ձեռքով կողմ է նման օրենքներին, այլեւ ինքն էլ նույն անվանումով  օրենքի նախագիծ է մշակել, եւ այն պետք է համատեղ քննարկվի կառավարության ներկայացրած նախագծի հետ: Ըստ տիկին Բիշարյանի` նմանատիպ օրենքների առկայությունն ինչ-որ չափով կնպաստի որոշ համակարգերում գենդերային հավասարակշռությունը պահելուն, օրինակ` տղամարդկանց դպրոց մտցնելուն: ՕԵԿ խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ գենդերային խտրականության դրսեւորումներ լինում են հատկապես քաղծառայության մրցույթներին, երբ նույն միավորներ հավաքած կանանցից ու տղամարդկանցից, այնուամենայնիվ, նախապատվությունը տրվում է տղամարդկանց: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս