Քրեական հեղինակության եւ նրա խմբավորման անդամի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերեւույթ կատարված շորթման, մարդու առեւանգման դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմտիեն։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ քրեական հեղինակություն համարվող եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացուն Երեւանի բնակչի կողմից գումար պարտք լինելու վերաբերյալ առաջացած վեճը լուծելու համար, անօրինական օգուտ ստանալու շահադիտական նպատակով, քրեական ենթամշակույթ կրող եւ իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով, կազմակերպել եւ 2021թ. հունվարի 18-ին Երեւան քաղաքի Դ.Անհաղթ փողոցում գտնվող ֆրանսիական համալսարանի դիմացից «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է Երեւանի բնակչի առեւանգումը:

Մասնավորապես, տղամարդուն, իր կամքին հակառակ, խաբեությամբ նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը եւ տարել ինչ-որ առանձնատուն՝ այդ կերպ վերջինիս իր կամքին հակառակ կտրելով իր միկրոսոցիալական միջավայրից: Այնուհետեւ նշված խմբավորման անդամներից մեկը եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձինք առանձնատան սենյակում ծեծի են ենթարկել տղամարդուն: Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երեւան վերադարձնելիս, ավտոմեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 5.221.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ մինչեւ հետագա հարցերի պարզաբանումը, որը օրեր անց, քրեական ենթամշակույթ կրող եւ իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամի օժանդակությամբ, ստացել է Երեւանի բնակչից՝ շորթման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ քրեական հեղինակություն համարվող անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ վերոնշյալ խմբավորման անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով, 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.3-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վերջիններիս հայտնաբերելու նպատակով 2021թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է հետախուզում, միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս