ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվանից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. ովքեր են ազատվում որոշումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից պարտադիր է ոչ միայն փակ, այլև՝ բաց հանրային վայրերում դիմակ կրելը։ Պատճառը Հայաստանում առաջացած ծանր համաճարակային վիճակն է. միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում կորոնավիրուսից Հայատսանում հազարից ավելի մարդ է մահացել: Բաց եւ փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն տասը հազար դրամով:

Կառավարության նախորդ նիստում վարչապետ Փաշինյանը նշել էր, որ բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը նաև կբարձրացնի վերահսկողության արդյունավետությունը։ Առողջապահության նախարարությունից հայտնել են՝ վերջին 14 օրվա ընթացքում 72 տոկոսով դեպքերի աճ է արձանագրվել, և եթե խիստ միջոցառումներ չկիրառվեն, ապա մահերի թիվը կարող է աճել։ Միայն վերջին մեկ օրում Հայաստանում 52 մարդ է քովիդից մահացել։

Ըստ նախարարի հրամանի՝ դրսում դիմակ դնելու պարտադրանքից ազատվում են մինչև 5 տարեկան երեխաները, շնչառական քրոնիկ հիվանդություն ունեցողները, նրանց մոտ, ի դեպ, միշտ պետք է բժշկական փաստաթուղթ լինի: Դրսում կարող են դիմակ չդնել նաև այն մարդիկ, որոնք ֆիզիկական վարժություններ են անում կամ հեծանիվ վարում, հանգստի համար առանձնացված գոտիներում՝ լողափերում, սարերում, անտառներում և այդպիսի բացօթյա տարածքներում գտնվողները։ Տաղավարում միայնակ գտնվող հաղորդավարները նույնպես ազատվում են դիմակ կրելու պարտադրանքից, խլություն ունեցող մարդիկ ևս կարող են դիմակ չդնել, որոնք շուրթերի շարժումներին հետևելով են խոսքն ընկալում։ Հոգեկան և վարքային խանգարումներ, դեմքի վնասվածք, դիմածնոտային միջամտություն ունեցողները նույնպես կարող են դրսում դիմակ չդնել։ Ծխելիս, խմելիս ու սնվելիս էլ դիմակ դնելու պարտադրանքը չի գործում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս