ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Եկեղեցին ու կաթողիկոսը վերաբերվում պատվաստումներին. արձագանք Մայր Աթոռից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հաճախ է խոսվում ու քննարկվում հայ առաքելական եկեղեցու, մասնավորապես՝ Վեհափառ Տեր Գարեգին 2-րդի՝ կորնովաիրուսի ու պատվաստման վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին: Հասարակական դեմքերը հռետորական հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ կաթողիկոսն իր հոտին պատվաստվելու կամ չպատվաստվելու հորդոր չի հղում:

Մոտ մեկ ամիս առաջ, հիշեցնենք՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինը պատվաստվելու կոչով էր հանդես եկել:
Այդ հայտարարությունից հետո ArmLur.am-ը կապ էր հաստատել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հետ՝ պարզելու՝ եկեղեցին ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ինչ դիրքորոշում ունեն պատվաստումների վերաբերյալ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծել էր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում որեւէ հոգեւոր կամ կրոնական խնդիր չի տեսնում։
«Այսօր Հայ Եկեղեցու թեմերում Սփյուռքում եւ Հայաստանում բազմաթիվ հոգեւորականներ արդեն պատվաստվել են»,- նշել էր հոգեւորականը:
Բյուրականի հոգևոր սպասավոր տեր Վրթանես Բաղալյանն, օրինակ, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ու ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափը, այն համոզումն ունի, որ անտեղյակ և ապաշնորհ նախարարի անձով է պայմանավորված, որ հասարակության մեծ մասը հրաժարվում է պատվաստումներից։

«Դեմ եմ համավարակի այս ծանր շրջանում ոչ բժիշկ Առողջապահության նախարար ունենալուն։ Մեծամասամբ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների վճարած հարկերով աղանդավոր նախարար ունենալուն նույնպես դեմ եմ, որի ապաշնորհ կառավարման հետևանքով մինչև տարեվերջ պետպատվերով բուժումներ չեն լինելու»,- ասում է հոգևորականը։

Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, թե կաթողիկոսն ու հոգևոր համայնքը հակապատվաստումային քարոզի ջատագովներ են, փաստորեն, չարաչար սխալվում են: Ու եթե դույզն-ինչ ուշադիր լինեն, ապա կնկատեն՝ վեհափառ տերը գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ՝ բաց թե փակ տարածքներում, միշտ դիմակով է:

Սևակ Վարդումյան




Լրահոս