Միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից. հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նոր տարբերակը:

‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել և խմբագրվել է:

Նախարարությունից հայտնում են, թե առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, մինչև 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում անցնել համընդհանուր ներառական հանրակրթության, 12-ամյա կրթությանը հաղորդել նոր բովանդակություն, ուսուցիչներին ընձեռել մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ:

ArmLur.am-ն ուսումնասիրել է փոփոխված նոր տարբերակը եւ առանձնացրել մի քանի դրույթներ: Նոր չափորոշիչներով առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

Դպրոցի կառավարման գործընթացը բաժանվելու է  երկու հիմնական մասի՝  ուսումնական  և վարչատնտեսական։ Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող մոդելում ունենում ենք վարչատնտեսական մասի համակարգող, որն ինքնուրույն է իրականացնում դպրոցի կառավարումը՝ վարչական, տնտեսական և ֆինանսական մասով։ Վարչատնտեսական մասի համակարգողն ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորում, անհրաժեշտ պայմանների ապահովում միայն։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։ Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ։ Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատութան ուուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահել տարբեր ղեկավարների. ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը կլինի տնօրենը, վարչատնտեսական գործընթացի կառավարումը կիրականացնի վարչատնտեսական մասի համակարգողը, որոնց լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են նախագծում:

Տնօրենի պաշտոնի հավակնորդի համար նախատեսվել է մանկավարժական որոկավորմամբ կրթություն՝ հաշվի առնելով վերջինիս կողմից բացառապես կրթության բովանդակության և որակի ապահովման պատասխանատվությամբ գործառույթները։ Սույն կարգավորումը ուժի մեջ մտնելու համար կսահմանվի անցումային դրույթ՝ հաշվի առնելով ներկայում պահանջի ապահովման առկա խնդիրները։

Ն.Հ.




Լրահոս