Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում, որի համար իրեն դիտավորյալ հեռացրել են համալսարանից և չեն շնորհել դիպլոմ։
«Ես սովորում եմ ԵՊՀ-ի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում, և այսօր իմ թեզի պաշտպանության ժամանակ դիտավորյալ ինձ չնշանակեցին, ամբողջ կուրսից միայն ինձ չնշանակեցին և որևիցե հիմնավոր պատճառ չունեին, գրաքննադատից սկսած, հանձնաժողովի անդամներից վերջացրած ունեին մի խնդիր, որ ինձ չնշանակեն, եթե նշանակեին մի գուցե շատերին հեռացնեին գործից, ԵՊՀ-ում վախի և բռնության մթնոլորտ է տիրում»,- գրել է Մ. Մանուկյանը։
Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապ ենք հաստատել Մ. Մանուկյանի մագիստրոսական թեզի գրախոս, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Վրեժ Քարդումյանի հետ:
–Պարո՛ն Քարդումյան, ԵՊՀ ուսանող Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում, այդ պատճառով էլ թեզի պաշտպանության ժամանակ նրան դիտավորյալ չեն նշանակել: Կա՞ նման բան, ինչու՞ է «հետապնդվում» ուսանողը:
– Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա: Դա կեղծիք է: Ես եմ եղել նրա մագիստրոսական թեզի գրախոսը և կարծիքի մեջ գրել բոլոր այն թերությունները, որոնք առկա են: Կարող եմ վստահ ասել, որ ներկայացված աշխատանքը ոչ մի կերպ չի համապատասխանում մագիստրոսական թեզին ներկայացվող պահանջներին: Իսկ ինչ վերաբերում է Մանուելի պնդումներին, ապա դրանք պարզապես անհեթեթություն են:
– Խնդրում եմ, մի քիչ մանրամասնեք, թե ինչ թեմայով էր աշխատանքը:
– ԵՄ արտաքին քաղաքական մեխանիզմը և դիվանագիտական ինստիտուտները:
Ես իմ կարծիքի մեջ նշել եմ, որ հեղինակը չի կարող հավակնել մագիստրոսի որակավորման աստիճանի շնորհմանը: Բայց նույնիսկ գրախոսի բացասական կարծիքի դեպքում ուսանողը կարող է մասնակցել պաշտպանությանը: Մանուելի աշխատանքի պաշտպանությանը ես ներկա չեմ եղել:
– Պարո՛ն Քարդումյան, նշեցիք, որ աշխատանքը չէր համապատասխանում ներկայացվող պահանջներին: Հիմնական ի՞նչ թերություններ եք նկատել:
– Սկսած աշխատանքի արդիականությունից՝ մինչև թեմայի բովանդակություն ու վերնագրերի փոփոխություն: Նույնիսկ Եվրամիության փոխարեն Եվրոպայի խորհուրդ գրելը, այսինքն՝ հիմնական մարմինները չներկայացնելը: Ուսումնասիրության օբյեկտ, նպատակ գրեթե սահմանված ու ձևակերպված չեն, խնդիրներ վեր հանված չեն: Թերությունները շատ են, ես 13 կետով ներկայացրել եմ՝ դեռ մի բան էլ ցուցաբերելով մեղմ մոտեցում: Հստակ երևում է, որ չկա տրամաբանական փոխկապակցվածություն, թեման և բովանդակությունն իրար հետ չեն համապատասխանում: Եվ այս ամենը մագիստրոսական թեզի դեպքում, որտեղ պետք է լինի լուրջ վերլուծություն: Բացի դրանից՝ ինձ հետո տեղեկացրել են, որ Մանուելի աշխատանքի մեջ առկա են արտագրություններ:
– Այսինքն, որևէ քաղաքական հետապնդում չկա՞ կարելի է դա եզրակացնել:
– Դա աբսուրդ է: Ներկայացված աշխատանքն էլ, կարծիքն էլ առկա են, յուրաքանչյուրը կարող է նայել և համոզվել:
Ն.Հ.