ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վերջին քայլերը դիտարկում է որպես «ռուսական ներխուժման սկիզբ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոնաթան Ֆայների հայտարարությանը։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն արվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին հայտարարության հաջորդ օրը։
«Մենք հավատում ենք, որ այո, սա ներխուժման սկիզբ է: Եվ դուք արդեն ականատես եք եղել մեր պատասխանին, որը, ինչպես ասացինք, կլինի հետևողական և կոշտ», – ասել է Ֆայները մեկնաբանելով Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության վերջին քայլերը։