ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները՝ ֆոնին շարունակվող փոխադարձ հարվածների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի դեսպանները, ինչպես նաև Վաշինգտոնի ներկայացուցիչը Լիբանանում։ Քննարկումներին միացել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լիբանանյան կողմը բանակցությունների ընթացքում կենտրոնանալու է հրադադարի հասնելու վրա։
Բանակցությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ։ Իսրայելը ևս համաձայնել էր դադարեցնել հարվածները Իրանի ուղղությամբ, սակայն շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանում՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» հետ կապվող օբյեկտները։





























