ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի առաջին հանդիպումը կառուցողական է գնահատում։ Նա այդ մասին նշել է երեկ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Կարծում եմ՝ բավականին լավ, կառուցողական հանդիպում է եղել»,- ընդգծեց նախարարը: Նշենք, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է տարածքային կառավարման փոխնախարարը:

 

Բանակցություններին ու հանձնաժողովների համատեղ աշխատանքին զուգահեռ՝ հինգ օր առաջ, ադրբեջանական կրակոցից ժամկետային զինծառայող զոհվեց։ Այս պայմաններում էլ է արդյոք կառավարության ներկայացուցիչը հանդիպումը կառուցողական գնահատում. հարց ուղղվեց նախարարին:

«Օրինակ՝ հիմա մեզնից ոչ մեկ ստեղ իրար չի ծեծում, չէ՞, հիմա, որ դրսում ինչ-որ մարդիկ իրար ծեծեն, չեղավ, չէ՞, որ ստեղ էր, հիմա այնտեղ, որտեղ այդ հանդիպումը տեղի է ունեցել, տեղի է ունեցել կառուցողական, նորմալ մասնագիտական քննարկում, առաջին հանդիպման համար բավականին կարեւոր հարցեր բարձրացվել են», – ընդգծեց Սանոսյանը:

Այդուհանդերձ, Սանոսյանը կարծում է, որ Ադրբեջանի վարքագիծը կարող է խանգարել հանձնաժողովների աշխատանքին. «Շատ դատապարտելի է, երբ որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի արդյունքում նաեւ մեր անմեղ տղաները, զինվորները, ովքեր էնտեղ հայրենիքն են պաշտպանում, կարող են նման անմտությանը զոհ գնալ»:

Գնել Սանոսյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանն է այս հանձնաժողովի անդամ։ Որ թվականի քարտեզներով է իրականացվելու սահմանազատումը՝ նախարարը չմանրամասնեց, ընդհանուր տեղեկություններ փոխանցեց՝ տարբեր քարտեզներ են։

«Բոլոր կողմերը տարբեր քարտեզներ ունեն, կարծում եմ՝ ամեն մեկը իր ունեցած ինֆորմացիան կբերի աշխատանքային դաշտ, կփորձեն այդ քարտեզներով աշխատել: Մի բան եկեք ֆիքսենք. այս ամենի մեջ կարեւոր են իրավաբական հիմքերը, այսինքն՝ լինի անկլավների մասով, թե սահմանի այլ հատվածների եւ այլն, պետք է այդ քարտեզները ունենան իրավական հիմքեր: Ակնհայտ է, որ մենք Արծվաշենի մասով իրավական հիմքեր ունենք, մնացածը կաշխատեն գործընկերները, կտեսնենք»:

Հավելենք, որ Հայաստանում ու Ադրբեջանում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը։ Առաջին հանդիպումը մեկ շաբաթ առաջ եղավ հայ-ադրբեջանական սահմանին։ Երկրորդը, ըստ Գրիգորյանի, սպասվում է այս շաբաթ, բայց կոնկրետ օրը կողմերը դեռ չեն հրապարակում։

Մոսկովյան առաջիկա հանդիպման մասին երեկ խոսել են նաեւ Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Հայաստանի վարչապետը, բայց պաշտոնական հաղորդագրությունում կրկին օրը չի հստակեցվում։ Ըստ հայկական կողմի՝ Պուտինը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը եւ վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին:

Սահմանազատման հանձնաժողովների մասին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել էին Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը։ Այդ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը կրկին խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին, ինչպես նաեւ պնդեց, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որում Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։

Առաջնորդների հանդիպումից մոտ երկու շաբաթ անց Շառլ Միշելի խոսնակը երեկ հայտարարություն է տարածել, թե մայիսի 22-ի հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների եւ տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, եւ երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի առնչությամբ: Հակառակի վերաբերյալ շահարկումն ափսոսանք է հարուցում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԽՈՍԵԼ ԵՆ

Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը: ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը եւ վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ, համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին, եւ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

 

 

ՆՈՐՄԱԼ

Մամուլում լուրեր էին հրապարակվել, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։ ArmLur.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ նման խոսակցություններ չի լսել, բնակչության շրջանում էլ նման տեղեկություններ չկան. «Գյուղում  ամեն ինչ նորմալ է»: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ նաեւ դիպուկահար հրացաններից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր:

 

 

 

ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ

«Հայաստանի ձեռք բերած տիեզերական արբանյակից ստացվող լուսանկարներն օգտակար կլինեն գլոբալ վերլուծությունների համար, բայց կադաստրային քարտեզների ուղղման, սանտիմետրային ճշտությամբ կոորդինատների ստացման համար դրանք բավարար չեն»,- ԱԺ-ում 2021թ. բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Այո՛, մենք մաքսիմալ փորձելու ենք օգտվել այդ արբանյակի մատակարարած տվյալներից գլոբալ վերլուծությունների համար` հողային ֆոնդեր եւ այլն, որտեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք կարգավորելու։ Իսկ եթե խոսքը վերաբերի բուն կադաստրային քարտեզների ուղղման համար օգտագործվող նկարներին, մենք դեռեւս շարունակելու ենք օգտվել այլ տեխնոլոգիաներից, օրինակ` ինքնաթիռով նկարահանման մեթոդիկայից»,- ասել է  Թովմասյանը։

 

 

«ՄԵԾ ԱՆԱԿՆԿԱԼ»՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Երեկ երեխաների պաշտպանության օրն էր. նախորդ տարիներին նախորդ իշխանություններն այս օրը Երեւանում տարաբնույթ միջոցառումներ էին կազմակերպում: Համայնքի ամեն մի վարչական շրջան մյուսի հետ ներքին մրցման մեջ էր մտնում, թե ով է կարողանալու առավելագույնս լավ ժամանց կազմակերպել երեխայի համար: Ազգային ժողովի բակում մեծ ու գեղեցիկ միջոցառում էին կազմակերպում ու պատգամավորներն անձամբ էին խաղում կամ պաղպաղակ հյուրասիրում երեխաներին: Այնպես չէ, թե «նախկինների» ժամանակ ամեն բան հրաշալի էր. Երեւանից դուրս որեւէ այլ մարզում երեխաների համար ո՛չ տոն էր կազմակերպվում, ո՛չ՝ «նրանց իրավունքները պաշտպանվում»: Նույնը նաեւ այժմ է. եթե ինչ-որ միջոցառում էլ տեղի է ունենում, ապա միայն Երեւանում: Մարզերի, էլ չասած սահմանամերձ գյուղերի երեխաները, բացի հակառակորդի կրակոցի ձայնից ու տագնապով խաղալու վախից, ուրիշ ոչինչ ո՛չ տեսնում, ո՛չ էլ լսում են:

Երեխաների իրավունքների պաշտպանության նախորդ օրը նրանց «մեծ անակնկալ» է մատուցել փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը: Նա, անդրադառնալով երեխաների՝ Դիմադրության շարժման մասնակցությանն ու ոստիկանների կողմից անչափահասների նկատմամբ ուժ կիրառելուն, նշել է. «Կներեք, իսկ երեխաներն ի՞նչ գործ ունեին ցուցարարների կողքին»: Պարոն Մովսիսյանի մոտ, իհարկե, կարող է նման հարց առաջանալ, բայց նա նախ պետք է ուսումնասիրի երեխաների իրավունքները, ըստ որի՝ նրանք նույնպես քաղաքացիական դիրքորոշում ունենալու իրավունք ունեն, ապա նայի 2018-ի ապրիլյան քրոնիկոնը, նկատի Փաշինյանի կողքին վազվզող բյուրավոր մանուկներին ու գտնի իր հարցի պատասխանը:

 

 

 

ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԸ

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ընթացիկ տարվա կոմունալ վարձավճարների չափը գերազանցում է 73 մլն դրամը: Օրինակ՝ այս տարվա սպառած էլեկտրաէներգիայի համար նախագահի աշխատակազմը նախատեսում է վճարել 40 մլն 79 հազար դրամ, իսկ, ահա, ընթացիկ տարվա գազի սպառման համար ՀՀ նախագահի աշխատակազմը մտադիր է վճարել 19 մլն 176 հազար դրամ: Միայն 7 մլն 100 հազար դրամ կկազմի խմելու ջրի վարձը: 2 մլն 310 հազար դրամ կազմել է բջջային հեռախոսների ծառայության գումարը: Կապի ծառայությունների համար ընթացիկ տարում կվճարվի 402 հազար դրամ, փոստային ծառայությունների համար՝ 700 հազար դրամ:

 




Լրահոս