Վահե Հակոբյանը՝ ԱԺ Հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ խորհրդարանի մեծամասնությունը՝ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշում ոնի ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկել պաշտոններից:

ArmLur.am-ը այս մասով կապ հաստատեց Հակոբյանի հետ՝ լսելու նրա տեսակետ-մեկնաբանությունը:

Մեզ հետ զրույցում Հակոբյանը նախ նշեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին «ՔՊ» խմբակցության տարբեր պատգամավորներ տալիս են տարատեսակ մեկնաբանություններ, որ իրավաչափ չեն առնվազն հետևյալ հիմնավորումների տեսանկյունից. «Նախ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերը օրենսդրությամբ սահմանված չեն, ինչը նշանակում է, որ տվյալ մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրելու իրավասություն ունեցող խմբակցության հայեցողական լիազորությունն է իր կողմից առաջադրված մշտական հանաձնաժողովի լիազորությունների դադարեցումը։ Եթե լիազորությունների դադարման հիմքերը սպառիչ են, ապա լիազորությունների դադարեցման դեպքում՝ գործում է թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող իրավունքի սուբյեկտի հայեցողությունը։ Այս համատեքստում, Սահմանադրության տրամաբանությանը առնվազն հակասող կլիներ, եթե նույնպիսի անսահմանափակ հայեցողություն վերապահվեր նաև մյուս, այդ թվում՝ կայուն մեծամասնություն կազմող խմբակցությանը։ Վերը նշված մեկնաբանությունը բխում է ինչպես Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով, այնպես էլ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1֊ին մասի 5-րդ կետով և 138-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումներից»:

Ի՞նչ հիմքով են պատրաստվում դադարեցնել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, եթե այդպիսի հիմքեր առհասարակ օրենսդրությամբ թվարկված չեն:
Նշենք նաև, ըստ Դոնթի բանաձևի՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին, այսպես ասած, բաժին հասած մշտական հանձնաժողովներում պարտադիր պետք է ընդդիմադիր պատգավորներ նախագահեն, հետևաբար եթե ՔՊ-ականները եթե անգամ Հակոբյանին մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշոնանկ անելու գործընթաց սկսեն, ապա ստիպած կլինեն կա՛մ թափուր թողնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, կա՛մ մեկ այլ ընդդիմադիր պատգամավորի ընտրել:

Ս.Վ.




Լրահոս