«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ իր 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արել է մեծ թվով հայտարարություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: Դրանցից մեկը վերաբերում է նաեւ հանրաքվեի ինստիտուտին: «Ժողովուրդ» օրաթերթը մեջբերում է նրա ելույթներից մեկը. «Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, եւ բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով:
Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, եւ ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը եւ ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով: Սա է հիմնական փոփոխությունը, որ պիտի դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը»: Սակայն նրա ելույթից մինչեւ օրս չի եղել դեպք, երբ Հայաստանի Հանրապետությունում որեւէ որոշում կայացվի հանրաքվեի միջոցով:
Հիշեցնենք, որ անգամ համայնքների խոշորացման ծրագիրը ընդունվեց եւ իրականացվեց առանց տեղական հանրաքվեի, եւ սա այն դեպքում, երբ դա հստակ ամրագրված էր օրենքով: Ստացվում է՝ հատկապես իր պաշտոնավարման սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը մշտապես կատարել է ականջահաճո հայտարարություններ, սակայն դրանցից շատ քչերն են իրականություն դարձել. հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում