Հայկական աղի արտադրությունը զգալի նվազել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայկական աղի արտադրությունը զգալի նվազել է, պաշտոնական տվյալներով՝ 40.2 տոկոսով: Պատճառը ներմուծման ծավալների ավելացումն է: Նշենք, որ աղ Հայաստան մտնում է հարեւան Իրանից եւ ավելի էժան է, քան տեղականը: Ըստ «Աղի կոմբինատ»-ի տվյալների՝ մեր հանրապետություն մտնում է իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղ, որը իրացվում է որպես կերակրի աղ: Անգամ առեւտրի որոշ կետերում անարգել վաճառվում են հայկական աղի փաթեթավորման նման տուփով իրանական աղ՝ սրանով սպառողին մոլորեցնելով:

«Աղի կոմբինատ»-ի գործադիր տնօրեն Արմեն Վասիլյանի խոսքով՝ ներկրված տեխնիկական աղն ամբողջովին օգտագործվում է հացի, երշիկի, ձկնեղենի պահածոների արտադրություններում: Նրա խոսքով՝ սահմանին ներկրվածի քիմիական բաղադրությունը չի ստուգվում եւ այն մաքսազերծվում է ծիծաղելի գներով: Բացի այս, պարկերի վրա սննդի մեջ չօգտագործելու վերաբերյալ գրառումները բացակայում են, մինչդեռ պետք է նշված լինի «արգելված է օգտագործել սննդի մեջ» պարտադիր գրությունը: Ընդգծենք, որ տեխնիկական աղը սննդի համար նախատեսված չէ. այն օգտագործվում է ձյուն-սառույց հալեցնելու, գործարաններում՝ ջրի փափկեցման, գյուղատնտեսությունում՝ կենդանիների կերակրման համար: Դա նույնն է, որ, օրինակ, մեքենայի մեջ լցվող յուղով ձվածեղ պատրաստեն»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։։




Լրահոս