ԱՄՆ ավիաընկերություններն ավելի քան 5 հազար ավիաչվերթ են չեղարկել վատ եղանակի պատճառով. CNBC

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձյան առատ տեղումներն ու ձնաբքերը հանգեցրել են հազարավոր ավիաչվերթների չեղարկման և հետաձգման ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Այս մասին տեղեկանում Է CNBC լրատվամիջոցից:

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 21-ից մինչև 23-ը վատ եղանակի պատճառով ավիափոխադրողները չեղարկել են ավելի քան 5 հազար չվերթ, իսկ 16 հազար չվերթ հետաձգվել է:

Դեկտեմբերի 22-ին ամենից խիստ տուժել են Չիկագոյի 2 միջազգային օդանավակայանները և Դենվերի միջազգային օդանավակայանը: Իսկ այսօր ամենամեծ խաթարումները սպասվում են Նյու Յորքի, Դետրոյթի և Չիկագոյի օդանավակայաններում:

Դեկտեմբերի 21-ին եղանակային պայմանների պատճառով ԱՄՆ-ում չեղարկվել է բոլոր չվերթերի 2%-ը, իսկ թռիչքների 30%-ը հետաձգվել է միջինը 47 րոպեով:

Կաթոլիկ Սուրբ ծննդյանը նախորդող վերջին շաբաթն ամենածանրաբեռնվածներից մեկն է ուղևորահոսքի առումով, քանի որ շատ ամերիկացիներ փորձում են մեկնել հարազատների մոտ՝ տոները միասին անցկացնելու: Ինչպես հաղորդում Է CNN-ը, ԱՄՆ-ի շատ շրջաններում սպասվում են ռեկորդային սառնամանիքներ ու ձնաբքեր, ինչի պատճառով մի շարք նահանգներ արդեն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել։

Օրինակ՝ արտակարգ դրության մասին են հայտարարել Ջորջիայի, Կենտուկիի, Նյու Յորքի, Օկլահոմայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Դակոտայի նահանգապետերը, իսկ մյուս նահանգների ղեկավարները հայտարարել են փրկարար ծառայությունները և Ազգային գվարդիայի զորքերը բարձր պատրաստության վիճակի բերելու մասին՝ տարերքը հաղթահարելու համար:




Լրահոս