Չքանդվող պատը և գաղջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց. դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք: Չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ… Եթե անգամ մեր մեջ չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում` եկեք քանդենք այդ պատը»:

Սա ուղիղ մեջբերում է Սերժ Սարգսյանի 2008թ. ապրիլի 10-ի ելույթից: Անցել է արդեն գրեթե 6 տարի, իսկ չհասկացվածության պատը ոչ միայն համառորեն չի քանդվում, այլև գնալով ամրանում է, բարձրանում: 10 զոհերի գնով իշխանության հասնելուց հետո էլ Սերժ Սարգսյանը չկարողացավ իրականացնել իր իսկ «բարի կամքի դրսևորումները»՝ նույնիսկ գտնելով դրան խանգարող հանգամանք՝ գաղջ մթնոլորտը: Այդ գաղջ մթնոլորտը սպանեց նաև Սարգսյանի լավատեսությունը, փոխեց նրա տրամադրությունը, խոսքի տոնայնությունը և ոճը, և ահա 2014-ի փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ ստացանք լիովին այլ պատկեր. «…գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են»:

Խոսքը այստեղ, իհարկե, պարտադիր կուտակայինի մասին է, բայց Սերժ Սարգսյանը նաև հստակ արձանագրում է (ընդ որում՝ դառնությամբ), որ մարդկանց 80 տոկոսն առհասարակ դժգոհ է իրենից և իշխանություններից՝ իր գլխավորությամբ: Հենց այդ 80 տոկոս են հանդիսանում «գաղջը», որոնց գաղջությունը, սակայն, դեռ 2008-ին Սերժ Սարգսյանը չէր նկատում, իսկ նկատելուց հետո էլ դրա դեմ պայքարի լավագույն եղանակը հավանաբար համարեց ոչ թե խնդրի լուծումն, այլ հենց խնդրո առարկայից ազատվելը՝ «գաղջը» երկրից հեռացնելու ճանապարհով: Հիշեցնեմ, որ միայն ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 213 հազար մարդ:

Մնացած մեկնաբանություններն ավելորդ եմ համարում, քանի որ իր անկումը հիանալի կերպով մեկնաբանում է հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը: Իսկ մեզ, ամեն ինչ հասկանալու համար, մնում է ընդամենը հետևել իր խոսքերին:

Կարեն Վարդանյան

Armlur.am-ի գլխավոր խմբագիր




Լրահոս