ՏԱՐԱԾՔ՝ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նիստում երեկ հավանության է արժանացել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքը, որը ներկայում ներառված է մասնավորեցման ենթակա գույքի ցանկում, առաջարկվում է հանել այդ ցանկից եւ հանձնել ԿԳՄՍ նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մարզահամալիրը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում. ունի ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ: Դահլիճներից մեկի բարձրությունը 9 մետր է, որը հնարավորություն է տալիս այնտեղ իրականացնելու ամենատարբեր սպորտաձեւերի մարզումներ եւ մրցաշարեր:
 «Մարզահամալիրը կարող է նաեւ միջազգային չափորոշիչներին համապատասխան ենթակառուցվածք դառնալ սպորտային միջոցառումների եւ հավաքների համար: Այստեղ կարող են կազմակերպվել թե՛ խաղային եւ՛ թե մենապայքարային մարզաձեւերի պարապմունքներն ու հավաքները: Այս պահին հավաքական թիմերի հավաքների համար ունենք ընդամենը երկու հնարավորություն՝ Ծաղկաձորի մարզական բազան եւ Օլիմպավանը, որոնք ունեն սահմանափակ հնարավորություններ: Հաշվի առնելով միջազգային մրցաշարերի կազմակերպման ու հյուրընկալման, ինչպես նաեւ մեր հավաքականների՝ տարբեր ուղղություններով գրանցած արդյունքները (նախորդ  տարի ռեկորդային թվով մեդալներ ենք ունեցել՝ 307, այս տարի արդեն 135 մեդալ՝ 10 մարզաձեւից)` նոր ենթակառուցվածքների պահանջ կա»,- նշել է նախարարը եւ հավելել, որ այս պահին կառուցվում եւ վերակառուցվում են 12 մարզահամալիրներ եւ մարզադպրոցներ:
 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե նախատեսվում են արդյոք վերանորոգման աշխատանքներ, եւ ինչ վերջնաժամկետ է սահմանված, ինչին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ առկա են նախնական հաշվարկներ հետագա աշխատանքների՝ մարզահամալիրը  պատշաճ տեսքի բերելու համար:
 Անդրադառնալով վերջնաժամկետին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ օրենքի փոփոխությունը դեռ պետք է հաստատվի Ազգային ժողովում, որը հավելյալ ժամանակ կպահանջի: «Քանի որ մենք դիմել մի քանի խոշոր միջազգային մրցաշարեր Հայաստանում անցկացնելու համար, օրինակ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ապա ցանկալի կլիներ, որ ենթակառուցվածքները պատրաստ լինեին 1-2 տարվա ընթացքում»:
 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է նաեւ, թե ինչպես են իրականացվելու հետագա սպասարկման աշխատանքները: Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ այդ ենթակառուցվածքները կարող նաեւ որոշակի եկամուտ բերել եւ գեներացնել այն միջոցները, որոնք կուղղվեն պահպանման ծախսերին. «Սա բերելու է մեր կողմից ուսումնամարզական հավաքների համար տրամադրվող գումարի որոշակի խնայողությունների.  այս պահին մենք աջակցում ենք ֆեդերացիաներին ուսումնամարզական հավաքները կազմակերպելու ոչ պետական որոշակի տարածքներում, որոնց համար հավելյալ վճարումներ ենք կատարում: Այն ժամանակահատվածներում, երբ հավաքականներն այդտեղ չեն անցկացնի մարզումներ, համալիրը կարող է օգտագործվել տարբեր մրցաշարերի կազմակերպման, վարձակալության եւ այլ նպատակներով՝ այդպես ապահովելով սեփական եկամուտներ»:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ սպորտի ոլորտի ռազմավարության նախագծում ենթակառուցվածքների կառավարումը եւ դրանց եկամուտների գեներացման մոդելների մշակումն առանձին ուղղություն է, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության տարբերակով:
Նշենք, որ մարզական կենտրոնի տարածքը գտնվում է Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում:
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Մեկնարկում է Օրգանական գյուղատնտեսության զարգացման 2023-2024թթ. անվճար ծրագիրը: «Ակբա» բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկում է Օրգանական գյուղատնտեսության զարգացման 2023-2024թթ. անվճար ծրագիրը:
Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան «Ակբա» բանկի եւ NABU-ի համատեղ ֆինանսական եւ տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում եւ անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:
Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրի 2023-2024թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը:
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու եւ ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է «Ակբա» բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ Օրգանական գյուղատնտեսական զարգացման անվճար ծրագիրը:
ՁԵՌՔ Է ԲԵՐՎԵԼ  SkyTel-Ի 30%-Ը
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը:
SkyTel-ի ամրակցված եւ անլար ինտերնետը հասանելի է Վրաստանի ավելի քան 2200 բնակավայրում՝ ծածկելով բնակչության մոտ 93%։ Ինտերնետ եւ թվային հեռուստատեսության ծառայություններ մատուցելու համար ընկերությունը օգտագործում է միջազգային մի քանի կապուղիներ։
Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները, բարձրացնել ինտերնետի հասանելիության եւ անվտանգության մակարդակը, բացի այդ, հիմք է ստեղծում խմբի անդամ Team Telecom Armenia-ի համար՝ տարածաշրջանում դիրքը ամրապնդելու։
«Սա լավ նախադրյալ ու հեռանկար է բացում միջազգային այլ ընկերությունների հետ ապագա համագործակցությունների ու մեր առկա պոտենցիալի մեծացման համար։ Այս գործարքը Հայաստանն է՛լ ավելի հուսալի եւ անխափան ինտերնետով ապահովելու մեր ռազմավարական քայլերից է»,- նշել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։
«Ի դեմս նոր համասեփականատիրոջ՝ SkyTel-ը ձեռք է բերել փորձառու եւ ուժեղ գործընկեր: Team-ի գիտելիքների եւ փորձի, ինչպես նաեւ ընկերությունում մասնակցության շնորհիվ՝ մենք ակտիվորեն կզարգացնենք օպտիկամանրաթելային ինտերնետի ծառայությունը, ինչը Team-ն արդեն անում է Հայաստանում։ Մասնավորապես, մենք նախատեսում ենք մեկ տարվա ընթացքում ընդլայնել օպտիկամանրաթելային ցանցի ծածկույթը Վրաստանի եւս 220-400 բնակավայրերում»,- նշել է SkyTel-ի տնօրեն Արչիլ Խոջաշվիլին։
SkyTel-ը հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին։ Ըստ Վրաստանի հաղորդակցությունների ազգային կոմիտեի (GMCC)՝ Վրաստանի երեք խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկն է։ SkyTel-ի օպտիկամանրաթելային մալուխների երկարությունը գերազանցում է 6000 կմ-ը, իսկ անլար ինտերնետի բազային կայանների թիվը 1200 է։
Ընկերությունը մոտ 70 000 բաժանորդին տրամադրում է ինտերնետ եւ IPTV թվային հեռուստատեսության ծառայություններ: Թիմ ընկերությունների խմբին են պատկանում այդ թվում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաեւ Buy.am առցանց մոլը։




Լրահոս