ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ազատ Ղարիբյանի եւ ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանի 100-ամյակների առթիվ կկազմակերպվի համերգային երեկո։ Համերգը տեղի կունենա հունիսի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նույն ծրագրով համերգային երեկո կկազմակերպվի հունիսի 18-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: 

Համերգային ծրագրերի ընթացքում ներկայացվելու են Ազատ Ղարիբյանի պարային բեմադրությունները:
 Բալետի արտիստ, պարուսույց Ազատ Ղարիբյանը 1962 թվականին եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը, 1963-1983 թվականներին՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը: 1959-ին նրա նախաձեռնությամբ Երեւանի պարարվեստի ուսումնարանում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը ղեկավարել է երկար տարիներ՝ ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր: 1986-ին ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար բեմադրել է լավագույն պարային համարները՝ Ա.Բաբաջանյանի երաժշտությամբ «Էլեգիա», Կոմիտասի «Մոկաց հարսներ», Խ. Ավետիսյանի «Հուշեր», Մ. Փրիդոնյանի «Հայոց աղջիկներ», ժողովրդական երաժշտությամբ «Հարսանիք», մեկ գործողությամբ «Քաջ Նազար» բալետը, Սայաթ-Նովայի երաժշտությամբ զուգապար, ազգագրական պարերի շարաններ: 1956-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980-ին՝ ժողովրդական արտիստի կոչման։
 Բալետի արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանը եղել է Ազատ Ղարիբյանի կինը։ 1955 թվականին Երեւանի պարարվեստի ուսումնարանում հիմնել է դերասանի վարպետություն առարկան: 1956-ին մասնակցել է Մոսկվայում կայացած հայ արվեստի տասնօրյակին, որտեղ կատարել է Գոհարի դերը Գ. Եղիազարյանի «Սեւան» բալետում, Շամիրամի դերը՝ Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի ինտերմեդիայում, եւ արժանացել է «Պատվո նշան» շքանշանի: 1972-1974 թվականներին եղել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավարը:
1974-2004 թվականները ղեկավարել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանը, 1980-ին՝ Երեւանի թատերական ինստիտուտի բեմական շարժման ամբիոնը (1995-ից` դոցենտ): 1981-ին արժանացել է երկրորդ «Պատվո նշան» շքանշանին: 1986-ին Ազատ Ղարիբյանի հետ հիմնել է «Կռունկ» պարային անսամբլը, իսկ ամուսնու մահից հետո շարունակել է ղեկավարել անսամբլը: 1963 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968-ին` ժողովրդական արտիստի կոչման: Պարային գեղեցիկ զույգին նվիրված համերգները նախաձեռնել են «Զարկ» ժողովրդական երաժշտության եւ պարի աջակցման հիմնադրամը՝ Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
ԱՀԱԶԱՆԳ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից ռուսական Wildberries  ընկերության վերաբերյալ:
 Ըստ քաղաքացիների բողոքների՝ Wildberries  ընկերությունն անհասկանալի պատճառներով պարբերաբար թանկացնում է  գնված ապրանքի վերադարձի գումարը: Այժմ նախկին 450-դրամի փոխարեն  այն դարձել է 850 դրամ: Քաղաքացիներին զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ երեխաների համար նախատեսված կաշաները, նպարեղենը չեն կարողանում հատով գնել, քանի որ Wildberries-ը փոխել է գման ձեւը. այն այսուհետ պետք է գնել որոշակի քանակով, ինչը մեծ անհարամարություններ է պատճառել եւ վրդովվմունք առաջացրել քաղաքացիների շրջանում:
 Ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը այցելեց Wildberries-ի պատվերների հանձման կետերից մեկը եւ փորձեց տեղում հասկանալ, թե որն է խնդիրը:
 Հավելենք, որ Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը, անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին, ասել է, որ այն թույլ է տալիս հավասարակշռել գնորդների եւ վաճառողների շահերը:
«Pregomesh»-Ը՝  ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Երգչուհի Սիրուշոն սոցիալական ցանցի իր էջում նոր հրապարակում է արել, որում ներառված են արխիվային եւ թարմ լուսանկարներ։ Արխիվային լուսանկարներն արվել են տարիներ առաջ Շուշիում, նոր կադրերը՝ JCK Expo-յում՝  «Pregomesh» ապրանքանիշի տաղավարում։
«Մի քանի տարի առաջ՝ հենց այս օրերին, Շուշիում էինք…
Ելույթից առաջ բարձրացել էինք Ջդրդուզ, լուռ նստել էինք ու փորձում էինք գնահատել այն, ինչ ունենք…
Այսօր չունենք էլ Շուշին… Բայց կանք մենք ու մեր գործով փորձում ենք աշխարհին փոխանցել այն, ինչ տեսել ենք ու պահել մեր սրտում` բնությունը, սերը…
Այս պահին աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացնում ենք մերը՝ հայկականը: Չենք կոտրվում, հակառակը, ավելի նպատակասլաց ենք ու ուժեղ»,- հրապարակմանը կից գրել է Սիրուշոն:
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ  ՕՐԵՐ՝  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում մայիսի 31-ից հուլիսի 2-ն անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր:
Ծրագրի բացման ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովը,  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը:
Հանդիսավոր արարողությանը ողջունի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը: Նա  շնորհավորել  է Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի անցկացման կապակցությամբ եւ նշել, որ մշակույթի օրերը կարեւոր, նշանակալից եւ, միեւնույն ժամանակ, երկար սպասված միջոցառում են:




Լրահոս