ԹՇՆԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:35-ին, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979թ. ծնված մի քաղաքացի։

 

2023թ. հունիսի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Ա.Պ.-ն Ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին իր կողմից պատրաստված ինքնաշեն զենքով սպանելու նպատակով կրակել է համագյուղացի Կ.Պ.-ի ուղղությամբ, դեպքի վայրում թողել ինքնաշեն զենքը եւ հեռացել։

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին եւ 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնք միացվել են։

Ա.Պ.-ն ներկայացվել է քննչական մարմնին եւ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել։

Հրազենային վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող, զննվել է դեպքի վայրը, որտեղից հայտնաբերվել ու վերցվել է ինքնաշեն եղանակով պատրաստված հրազենի նմանվող զենքը, նշանակվել են փորձաքննություններ:

Քննությամբ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ազգականներ համարվող Ա.Պ.-ն եւ Կ.Պ.-ն տեւական ժամանակ անձնական հարցերի պատճառով ունեցել են թշնամական հարաբերություններ: Կ.Պ.-ին սպանելու նպատակով Ա.Պ.-ն իր տանը պատրաստել է ինքնաշեն՝ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ կրակելուն հարմարեցված, մահակի մեջ քողարկված ատիպիկ հրազեն։

2023թ? հունիսի 3-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, վերցնելով ինքնաշեն հրազենը՝ ուղեւորվել է նրանց տուն։ Գյուղամիջյան ճանապարհին գտնվող խանութի մոտ տեսելով Կ.Պ.-ի ավտոմեքենան եւ հասկանալով, որ վերջինս խանութում է՝ ներս է մտել, Կ.Պ.-ին կանչել խանութի կողային հատվածում գտնվող սենյակ, ապա ինքնաշեն այդ հրազենով Կ.Պ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ կրակել է վերջինիս ձախ ուսային հատվածին։ Կարծելով, թե Կ.Պ.-ն մահացել է, նա հրազենը թողել է դեպքի վայրում եւ հեռացել։ Կ.Պ.-ն, հրազենային վիրավորումով, սուր արյունահոսությամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Ա.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ,որ Արտավազդ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա, հանդիսանալով Արտաշատ համայնքի ավագանու Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավարը եւ նպատակ ունենալով 2022 թվականի հունիս ամսին Հայաստանի Հանրապետությունում Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպված հավաքներին նյութապես շահագրգռելու եղանակով մասնակից դարձնել մի շարք քաղաքացիների, Գառնիկ Մանուկյանի հետ գումարներ են տրամադրել տարբեր անձանց, ինչի արդյունքում խախտվել է քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատ կամահայտնությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը։

Այս քրեական գործը մտավ դատարան։

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ

Hayastan.news-ը տեղեկություն էր տարածել, թե Աննա Վարդապետյանը երեկ Կոտայքի մարզի դատախազ, Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանին անսպասելի ազատել է Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից եւ նշանակել գլխավոր դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալ։ Դրանից հետո արդեն երեկ դատախազ Պետրոս Պետրոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ Աննա Վարդապետյանի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեւորգ Բաղդասարյանի՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացրելը սպասելի էր, քանի որ Աննա Վարդապետյանի՝ դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո նա այն քիչ մարդկանցից էր, որ մնաց իր պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ միակ տեղակալը, որը դատախազությունը չի լքի, Գեւորգ Բաղդասարյանն է: Բանն այն է, որ նա թեեւ դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաեւ «Մարտի 1-ի» գործով մեղադրող դատախազներից մեկն է եւ ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը: Պետրոս Պետրոսյանը եւս նախկին դատախազի ընկերներից է: Ստացվում է՝ Արթուր Դավթյանի կադրերից ազատման գործընթացը դեռ չի ավարտվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊՈՒՐԱԿՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երեւանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 5-ին՝ ժամը 19.50-ին, Մարտիրոս Սարյանի պուրակում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, նաեւ բաժին են հարավիրել մեկ տղամարդու:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նրանք նշված պուրակում, խախտելով հասարակական կարգը, քաշքշել են իրար եւ հնչեցրել հայհոյանքներ: Անձնական խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է 8,8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՆՏԻՐՈՋԻՑ

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի 23-ամյա բնակիչը ապօրինաբար մուտք է գործել հարեւանի բնակարան եւ գողացել տանտիրուհու բանկային քարտը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ստացված տեղեկության համաձայն՝ երիտասարդը Աբովյանի Հատիսի փողոցի բանկոմատից կանխիկացրել էր 50 000 դրամ, ապա վերադարձել հանրակացարան եւ հարեւանուհու բնակարանում թողնելով քարտը՝ աննկատ հեռացել էր:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հունիսի 2-ին երիտասարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց Կոտայքի բաժին, որտեղ չժխտեց արարքը:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

 




Լրահոս