ՎԻՇԱՊԱՔԱՐԸ՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ վերաբաշխում եւ լրացում է կատարվել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 4 մլն 494 հազար դրամ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման աշխատանքներին: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

 

Վերաբաշխումը կնպաստի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհ­ային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան տարածքում գտնվող վիշապաքարերի՝ որպես յուրահատուկ եւ համամարդկային ժառանգության ընդգրկման հայտի պատրաստմանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 3 հուշարձանախումբ՝ Սանահինի եւ Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը եւ Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000 թթ., որից հետո Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ նոր հուշարձան չի գրանցվել։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում (Tentative list)   Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 4 հուշարձանախումբ՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթեւ վանական համալիրն ու Տաթեւի անապատը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1995 թ.։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգի՝ մինչեւ Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվելը անհրաժեշտ է, որ օբյեկտն ընդգրկված լինի նախնական ցանկում։

Սկսած 2024 թվականից՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկա Միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսել է առանձին միջոցառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում ավելացվող հուշարձանների հայտերի պատրաստման համար, որի նպատակն է լրացնել ավելի քան 20 տարվա բացը՝ նախատեսելով միջոցներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման համար։ Միջոցները ծախսվելու են հայտերի պատրաստման, հուշարձանների կառավարման պլանների մշակման, թարգմանությունների, գիտական հիմքով բովանդակային հայտի լրացման, փորձագիտական խորհրդատվության եւ այլ ուղղություններով։

Հաշվի առնելով 1972թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի գլխավոր ասամբլեայի տարեկան որոշումներն ու հայտերի գրանցման ընթացակարգային փոփոխությունները՝ աշխատանքը կներառի նաեւ կազմված հայտերի շարունակական լրամշակում վերջնանպատակին՝ հայտի գրանցմանը հասնելու համար։

 

 

 

 

 

«ՖՐԵՍԿՈ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը կմեկնարկի հունիսի 23-ին Վանաձորում, կհյուրընկալի արվեստագետների, կինոգործիչների եւ մտավորականների՝ Լոռու մարզը վերածելով մշակութային խաչմերուկի:

 

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակութային պալատի հարակից տարածքում հունիսի 23-ից հունիսի 30-ը տեղի կունենան ֆիլմերի դիտումներ, համերգային ծրագրեր: Ելույթ կունենան «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, «Ակունք» ազգագրական համույթը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, «Ֆոլկ մոդեռն» անսամբլը եւ այլք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահություն հայտնեց, որ փառատոնն ապացուցել է իր կենսունակությունը, որովհետեւ այն մարդասիրական արժեքների՝ բարության, հանդուրժողականության, սիրո գաղափարների դրսեւորման լավագույն հարթակներից մեկն է: «Երբ կրթության, մշակույթի պետական քաղաքականության մեջ հստակ ձեւակերպված չէր ներառականության քաղաքականությունը, «Ֆրեսկո»-ն վարում էր նման քաղաքականություն: Կարեւոր հանգամանք է այն, որ ներառականությունն այս փառատոնի բրենդը չէ, եւ «Ֆրեսկո»-ն չի «զարդարվում» այդ բնագավառում կատարած աշխատանքով»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց՝ փառատոնի կազմակերպիչներն ամբողջ տարվա ընթացքում սերտ կապ ունեն մանկատների երեխաների, զարգացման առանձնահատկություններ ունեցող պատանիների հետ: Փոխնախարարը հիշեցրեց, որ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը, որն իրականացնում է փառատոնը, նախորդ տարի պետական աջակցությամբ արվեստի դպրոցների, կրթական այլ հաստատությունների ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել, ինչը չափազանց կարեւոր է, քանի որ կան առանձնահատկություններ, առանց որոնց ներառական կրթությամբ զբաղվելը շատ վտանգավոր է:

 

 

 

 

ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՀԵՌԱՑԱՎ

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եվրագավաթային չորս խաղով որակազրկվելուց հետո հեռացել է ՈւԵՖԱ-ի խորհրդատվական մարմնից։ Մոուրինյոն այդ մասին նամակով հայտնել է խմբի ղեկավար Զվոնիմիր Բոբանին։

«Հարգելի՛ պարոն Բոբան, շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել էիք խորհուրդ, սակայն ափսոսանքով հայտնում եմ, որ հրաժարվում եմ այդ խմբում իմ անդամակցությունից։ Այն պայմանները, որոնց ես հավատում էի խորհրդի կազմում ընդգրկվելիս, այլեւս չկան։ Ստիպված եմ ընդունել այս որոշումը»,- նամակից մեջբերում է ներկայացրել ANSA-ն։

Մոուրինյոն որակազրկվել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչի մրցավար Էնթոնի Թեյլորին հայհոյելու համար։

«Ռոման» հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր իսպանական «Սեւիլիային» (1:1, 11մ՝ 1:4)։

 

 

 

 

ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ  ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է

Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականները հունիսի 26-ից հուլիսի 2-ը Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ ՀԸՖ-ն ներկայացրել է թիմերի կազմերը։

 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքական

57 կգ՝ Հարություն Հովհաննիսյան

61 կգ՝ Լեւիկ Միքայելյան

65 կգ՝ Անդրանիկ Ավետիսյան

70 կգ՝ Դավիթ Մարգարյան

74 կգ՝ Հայկ Պապիկյան

79 կգ՝ Նարեկ Գրիգորյան

86 կգ՝ Մուշեղ Մկրտչյան

92կգ՝ Կնյազ Իբոյան

97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան

Մարզիչներ՝ Ավետիք Վարդանյան, Արմեն Մալխասյան, Հակոբ Ավետիսյան, Կարապետ Ենգոյան:

 

Հունահռոմեական ոճի  ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքական

55 կգ՝ Հոմերոս Առաքելյան

60 կգ՝ Սուրեն Աղաջանյան

63 կգ՝ Յուրիկ Հովեյան

67 կգ՝ Գասպար Տերտերյան

72 կգ՝ Աշոտ Խաչատրյան

77 կգ՝ Վահե Հովհաննիսյան

82 կգ՝ Ռուբեն Գեւորգյան

87 կգ՝ Վիգեն Նազարյան

97 կգ՝ Արշակ Գեղամյան

130 կգ՝ Արամայիս Հարությունյան

Մարզիչներ՝ Մովսես Կարապետյան, Արմեն Առաքելյան, Տիգրան Սահակյան, Ժորա Վարդանյան:

 




Լրահոս