Գյուղապետ են ուզում դառնալ նույնիսկ դեպորտ արված խոպանչիները.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»-ը գրում է`

Լոռու մարզի մի շարք համայնքներում մարտի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված: Թեկնածուների ցանկն ուշագրավ է՝ մտորումների տեղիք տվող: Գյուղական համայնքների մեծ մասում գյուղապետի թեկնածուներ են առաջադրվել գործազուրկ երիտասարդներից մինչև «դեպորտ  արված խոպանչիներ»: Ու եթե այս ամենին էլ գումարենք այն հանգամանքը, որ գյուղերում ավելի շատ ընտրում են ոչ թե կոնկրետ գյուղապետի, այլ ազգական-բարեկամի,և, որպես կանոն, ամենամեծ ազգուտակը հաղթող է դուրս գալիս, ապա արդյունքների և գյուղի ապագայի մասին խոսելն անգամ ավելորդ է:

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնավան համայնքում գյուղապետի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Վաչագան Վարդանյանը, Նորիկ Ավագյանը, Արման Գասպարյանը, նաև համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Ռազմիկ Գևորգյանը: Գյուղապետի թեկնածու Նորիկ Ավագյանն արդեն իսկ սկսել է նախընտրական քարոզչությունը, սակայն առանց բուկլետների ու պաստառների: Թեկնածուի խոսքով, գյուղում իրեն բոլորն են ճանաչում՝ բուկլետի ու պաստառի կարիք բացարձակ չկա: Չնայած մոտալուտ ընտրության օրվան, Լեռնավանում ամեն ինչ հանգիստ է: Առաջադրված թեկնածուներից երկուսն իրար ազգական են, ընտանիքի մի մասը մի թեկնածուի է ձայն տալու, մյուս մասը՝ մեկ այլ թեկնածուի: Գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Վաչագան Վարդանյանի հետ մեզ հանդիպել չհաջողվեց, զրուցեցինք աշխատակազմի քարտուղար Հրաչյա Պարսամյանի հետ: Վերջինս նախ խոսեց համայնքի խնդիրների ու արված աշխատանքների մասին, հետո արդեն՝ նախընտրական վիճակի ու իր ղեկավարի շանսերի: Նա փոքր բնակչություն ունեցող գյուղի գյուղապետի համար առաջադրված թեկնածուների թիվը բացատրում է հետևյալ կերպ. «Շատերն ասում են՝ գործ չկա դրսում, դեպորտ են արել, ես էլ թեկնածությունս եմ դրել…»: Աշխատակազմի քարտուղարը չժխտեց, որ գյուղում ավելի շատ ընտրում են ոչ թե կոնկրետ անձի՝ գյուղապետի, այլ իրենց ազգակցին, և, հետեւաբար, ով ավելի շատ բարեկամ ունի, նա էլ կանցնի: «Այո, ով մեծ ազգ ունի, նա էլ կանցնի»,-ասաց նա, մանրամասնելով, որ ավելի մեծ ազգուտակ ունի գործող գյուղապետը:

Համայնքապետի թեկնածու Արման Գասպարյանը թեկնածուներից ամենաերիտասարդն է: Գյուղապետի թեկնածու է առաջադրվել, քանի որ, ըստ նրա, գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում, մինչդեռ այդ բազմաթիվ խնդիրները ոչ մեկը մինչ օրս չի լուծել: «1996-ից գյուղապետ ունենք, բայց մինչ այսօր նույնիսկ գյուղապետարան չկա…»,-ասաց նա:  Արման Գասպարյանը ձեռնպահ մնաց որևէ մեկնաբանություն տալ նախորդ համայնքապետերի աշխատանքի վերաբերյալ: Ի դեպ, Գասպարյանը միակ թեկնածուն է, ով ընտրությունների հետ կապված քարոզչական թռուցիկներ է փակցրել գյուղի կենտրոնում: Մյուս երկու թեկնածուների հետ մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել:




Լրահոս