ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաստատվել է ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

 

Ըստ այդմ՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» եւ «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Հայոց լեզու», մայրենի՝ ազգային փոքրամասնության դպրոցների համար, «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ սեպտեմբերի 30-ին, «Տարրական ուսուցման մեթոդիկա», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Երգ-երաժշտություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ հոկտեմբերի 1-ին, «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «ՆԶՊ» եւ «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ հոկտեմբերի 7-ին, «Մաթեմատիկա» եւ «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ հոկտեմբերի 8-ին:

Կամավոր ատեստավորմանը 2023 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 6355 ուսուցիչ: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր եղանակով:

Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որեւէ մեկով՝ իր ընտրությամբ:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը եւս կարող է մասնակցել ատեստավորմանը: Ատեստավորմանը կարող է մասնակցել նաեւ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող եւ վերոնշյալ առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը:

Հավելենք, որ 2023 թվականի կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները:

Ատեստավորմանը կարող են մասնակցել նաեւ ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ այն ուսուցիչները, որոնք «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն՝ չեն համապատասխանում նշված օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, ըստ որի՝ նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը եւ կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման եւ դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի եւ կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար:

 

 

 

ԲԱՔՈՒՆ՝ ԴԵՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ

Ստեփանակերտը ողջամիտ առաջարկներին միշտ բաց է, բայց Ակնայի ճանապարհը բացելու Ադրբեջանի տարբերակն ընդունելի չէ: Այս մասին երեկ՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

 

«Այն, ինչը Ադրբեջանը վերջնագրի տեսքով ներկայացնում է, մեր հայրենակիցները դրա վերաբերյալ դիրքորոշումը հայտնել են: Բայց այս տարբերակում, երբ ադրբեջանական կողմը փորձում է պարտադրել, ընդունելի չէ, եւ տեսնում եք, թե մեր հայրենակիցները ինչպես են արձագանքել նմանատիպ առաջարկին»,- նշեց Սերգեյ Ղազարյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱՀ իշխանությունները, կարծես, դեմ չեն Ադրբեջանի առաջարկին, նախարարը պատասխանեց, որ իշխանության պարտավորությունն է քննարկել բոլոր տեսակի առաջարկությունները, որոնք գալիս են թե՛ միջնորդների, թե՛ ադրբեջանական կողմից. «Բայց այս առաջարկները պետք է լինեն ողջամիտ»:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Ակնայից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաեւ Լաչինի ճանապարհը, Ղազարյանն արձագանքեց. «Ցավոք, ադրբեջանական կողմը անգամ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, հենց ադրբեջանական կողմն է խախտում վերցրած պարտավորությունները: Որեւէ մի քայլ այս ընթացքում չի վկայում այն մասին, որ ադրբեջանական կողմը ստանձնած պարտավորությունները կկատարի»:

Հարցին՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ հանդիպում առաջիկայում հնարավոր է արդյոք, Սերգեյ Ղազարյանն ասաց. «Արցախյան կողմն ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով մենք փորձենք անգամ ամենածանր հարցերին փոխընդունելի լուծում գտնել, սակայն ադրբեջանական կողմը խուսափում է դրանից: Պարբերաբար ռուս խաղաղապահների միջոցով մենք առաջարկներ ենք փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում»:

 

 

 

 

ՊԱՅՔԱՐ՝ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴԵՄ

Տավուշի մարզի գյուղերին հարակից տարածքներում գործում են փայտածուխի արտադրամասեր, որոնք իրենց ծխով, արտանետումներով աղտոտում են շրջակա միջավայրը, բնությանը  մեծ վնասներ են պատճառում։ Սակայն տարիներ շարունակ այդ արտադրամասերն անարգել գործում են, քանզի դրանք պատկանում են իշխանությանը մոտ կանգնած անձանց, կամ իշխանավորների «կրիշայի տակ են»։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը հանձնարարել է փայտածուխի արտադրամասերը փակել, եթե դրանք հրդեհի պատճառ կարող են դառնալ։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 29-ին մարզպետ Հայկ Ղալումյանը նիստ է վարել Տավուշի մարզում անտառային եւ բուսածածկ տարածքների հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հետ: Նիստին մասնակցել են աշխատանքային խմբի ղեկավար, Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ համայնքների ղեկավարները, ՇՄՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Դավիթ Խառատյանը, ՇՄՆ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն», «Սեւքարի անտառտնտեսություն», «Նոյեմբերյանի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենները: Մարզպետ Հայկ Ղալումյանը հանձնարարել է ուսումնասիրել անտառամերձ փայտածուխի արտադրամասերը, անհրաժեշտության դեպքում փակել դրանք հնարավոր հրդեհներից խուսափելու համար։ Ըստ  Տավուշի մարզպետ Հ. Ղալումյանի տրամաբանության՝ անտառամերձ փայտածուխի արտադրամասերը տարվա բոլոր եղանակներին կարող են անարգել աղտոտել շրջակա միջավայրը, իսկ ամռանը, աշնան սկզբին դրանք կարելի  է փակել, որպեսզի հրդեհներ չառաջացնեն։

 

 

 

ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄ

Բերդ համայնքի Իծաքար եւ Նավուր գյուղերի բնակիչները հայտնում են, որ Իջեւան համայնքի բնակիչները Բերդ համայնքի անտառներում հատատեղեր են վերցրել եւ մեծածավալ հատումներ են իրականացնում։ Այդ ծառահատումները կատարվում են փաստաթղթերով՝ օրինականության անվան ներքո։ Իջեւանի անտառները նախկին տարիներին շատ են տուժել ապօրինի հատումներից, ուստի Իջեւանի «քյոլի գործ անողները» հասել են ավելի հեռու՝ Բերդի անտառներ։ Նաեւ Ճամբարակ համայնքի բնակիչներն են Բերդի տարածաշրջանի՝ Ճամբարակ համայնքին սահմանակից անտառներում հատումներ կատարում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս