ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները Գորիսում էին։ Այնտեղ են գտնվում Արցախից տեղահանված արցախցիները։

 

Մեր թղթակիցը Գորիսում զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։

-Տիկի՛ն Գրիգորյան, Գորիսում շփվում եք տեղահանված քաղաքացիների հետ, ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին։

-Սա, առհասարակ, պատմական ողբերգություն է, երբ մարդիկ, մեր հայրենակիցները էթնիկ զտման  եւ ցեղասպանության են ենթարկվել։ Այնինչ, մենք տարիներ շարունակ բազմիցս ենք հնչեցրել  եւ հիմա մեր աչքով ենք տեսնում. սա ուղղակի ուղեղի մեջ չտեղավորվող իրողություն է։ Մենք եղանք Կոռնիձորում, տեսանք առաջին տեղահանվածներին, մարդիկ անորոշության մեջ են, մարդիկ իրենց տունն են թողել, գերեզմանոցները։ Այսինքն՝ ինչ ունեին-չունեին, թողել են, մի տոպրակով վեր են կացել եկել են, հատկապես՝ Մարտունիի եւ Մարտակերտի շրջանի բնակիչները։ Երեխաները մի սովորական բլուզով ճանապարհ են ընկել, մազապուրծ են եղել։ Մարդիկ անորոշության մեջ են. մի մասին առաջարկում են Գորիսում մնալ, Կապան, Սիսիան, Սյունիքի մարզում, բայց նրանք, շատ լավ հասկանալով, թե ինչ քաղաքականություն է վարվել Արցախի նկատմամբ, հասկանում են, որ կարող է հաջորդ թիրախը Սյունիքը լինել, նրանք փնտրում են այլ մարզեր կամ Երեւան են նախընտրում։ Նրանց այդ պատկերացումներն էլ հասկանալի են,  նրանց այս իրավիճակն էլ հասկանալի է, անորոշության մեջ են, երեխաների բուժօգնությունը, կրթությունը… Սա իսկապես հումանիտար աղետ է, որին մենք փաստացի առնչվում ենք այս պահին։

-Տիկի՛ն Գրիգորյան, ռազմական փորձագետներ կան, որ տեսակետ են հնչեցնում, թե վտանգը կախված է նաեւ Սյունիքում: Դուք սյունեցի եք, այս մասով ի՞նչ կարող եք ասել՝ հաշվի առնելով նաեւ, որ օրեր առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը, եւ, ըստ պաշտոնական հայտարարության, քննարկել են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։

-Նոյեմբերի 9-ից հետո նման խոսույթ դիվանագիտական լեզվում սկսեցին շրջանառել տարբեր հարթակներում, եւ Էրդողանը շատ հստակ խոսում էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, եւ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի թշնամի հանդիսացող կառավարությունն ասում էր՝ նման բան գոյություն չունի, բոլոր ռիսկերը չեզոքացված են եւ այլն, բայց այսօր էլ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ մոտ եւ տեսանելի է, եւ դրա համար պետք է խիզախություն ունենա Փաշինյանը եւ անի այն, ինչ խոսք է տվել: Ենթադրաբար խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Ամեն դեպքում, կա նման կոնսենսուս թուրքական աշխարհում, որ այդ միջանցքը բացվի, եւ դա այն է, ինչ Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսք է տվել։ Այստեղ վտանգը օրհասական է ճիշտ այնպես, ինչպես Արցախի դեպքում է, այնպես, ինչպես Արցախի մասին էինք խոսում, հիմա խոսում ենք Սյունիքի վերահաս վտանգի մասին։

Այստեղ ՔՊ-ական մի քանի պատգամավոր եմ տեսել, աչքերիս չեմ հավատում, որ դրանք դեռեւս երես ունեն այստեղ հայտնվելու, մարդկանց առաջ հայտնվելու. սա նրանց վատ քաղաքականության հետեւանքն է։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանին անձամբ չեմ ճանաչում, երբեւէ չեմ հանդիպել, բայց այս լուսանկարից ազդվեցի:

Ռուբեն Վարդանյանն իր բարեկեցիկ կյանքը թողել, Արցախում 9 ամիս շրջափակման մեջ ապրում էր: Անշուշտ, ուներ Արցախից անվտանգ դուրս գալու հնարավորություն, բայց մինչ այս չի արել»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը երեկ ձերբակալվել է Բերձորի միջանցքն անցնելիս։

Նշենք նաեւ, որ ՀՀ կառավարությունն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար դիմել է ՄԻԵԴ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել նախկին նախարարին։

 

 

ԽԱՅԹԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խայթել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՆԱՏՕ ընդլայնման առիթով՝ ասելով. «Ափսոս, Վլադիմի՛ր, ինքներդ եք մեղավոր»։

Պետդեպարտամենտ վերադառնալով իր պաշտոնական դիմանկարի ներկայացման համար՝ Քլինթոնն օգտվել է առիթից, որպեսզի ցույց տա նողկանքը նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի հանդեպ, որն իրեն հաղթեց 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ։

Քլինթոնը ենթադրել է, որ Ուկրաինային ԱՄՆ աջակցության ունակության վերաբերյալ հարցերը ծագել են Թրամփի ժառանգության պատճառով, քանի որ օտարվել են դաշնակիցները։ «Մարդիկ կարող էին կասկածել սրանում, որովհետեւ մենք այնքան շատ կամուրջներ ենք այրել մեր դաշնակիցների եւ մեր բարեկամների հետ»,- ասել է նա։

ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը, նրա խոսքով,  Օբամայի վարչակազմի բաթմաթիվ առաջնահերթությունների կողմնակիցն է։

«Ուկրաինայում դեմոկրատիայի պաշտպանությունը ՆԱՏՕ-ի ընդլայնում է նշանակում: Ի դեպ, ափսոս, Վլադիմի՛ր, ինքներդ եք դրանում մեղավոր»,- ասել է նա՝ ծիծաղ եւ ծափահարություններ առաջացնելով։ «Մենք միշտ ասել ենք՝ մարդկանց չեն ստիպում մտնել ՆԱՏՕ, մարդիկ իրենք են ընտրում եւ ցանկանում մտնել ՆԱՏՕ»,- ավելացրել է նա։

Քլինթոնը նկարագրել է, թե ինչն է առաջնահերթ համարել Բայդենի եւ Օբամայի համար. «ՆԱՏՕ ընդլայնում, դիմակայություն ռուսական ագրեսիային եւ Չինաստանի կողմից առաջացող խնդիրների լուծում»։

 

 

ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՈՒՐԸ՝ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Հայաստանի կառավարության ենթակայության տակ գտնվող 12 նախարարությունների գնումները եւ կնքած պայմանագրերը՝ հասկանալու համար, թե որքան է կազմել խմելու ջրի ծախսը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում։ Սկզբում ասենք, որ այժմ աշխարհում ռիսկային է ջրի ոչ ճիշտ օգտագործումը, քանի որ աշխարհի մասշտաբով առկա է քաղցրահամ ջրի զգալի պակաս։ Նաեւ, ջրօգտագործման մասնագետների խոսքով, որոնք ունեն երկար տարիների փորձ, քաղցրահամ ջուրը համարվում է ամենաթանկարժեք ռեսուրսներից մեկը։ Հայաստանի դեպքում այն ավելի կարեւոր է դառնում, քանի որ տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրային պաշարը մերն է՝ Սեւանա լիճը։ Այսպիսով, Սեւանի խնդիրները առերեւույթ լուծող Շրջակա միջավայրի նախարարությունը, որը վերջերս համարվում է ամենաանգործ նախարարությունը, խմելու ջրի համար որեւէ գումար չի ծախսել. երեւի նախարարությունից ակնկալվող գործառույթները նախարարությունում կոմպենսացնում են միայն ջուր չօգտագործելով։ Արդարադատության նախարարությունը խմելու ջրի մատակարարման ծառայությունների համար նշված ժամանակահատվածում ծախսել է 1 մլն 560 հազար դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս խմելու ջրի մատակարարման ծառայությունների համար ոչ մի գնում չի կատարել, սակայն միլիոնավոր դրամների դրամաշնորհային ծրագրեր է ֆինանսավորել. հաջորդիվ նաեւ կներկայացնենք այդ ծախսերի նպատակայնությունը։ Առողջապահության նախարարությունը եւս դասվում է խմելու ջուր չգնողների դասին։ Նրանք, թերեւս, ըստ իրենց արած բազմաթիվ հայտարարությունների, զբաղվում են ավելի կարեւոր գործով, սակայն կարեւորությունն ինչպե՞ս պետք է հաստատվի, եթե Հայաստանում ամենախնդրային պետպատվերներ տրամադրելու ծրագրերը պարբերաբար ծախողվում են, եւ հատկացումները, վերաբաշխումները չեն բավականացնում։ Հենց այս պատճառով էլ շատ քաղաքացիների հիվանդության ախտորոշումը հաճախ հերթերի պատճառով նախատեսվում է հաջորդ տարի, ինչը ոլորտի անհավասարաչափ եւ ոչ գրագետ բաշխման արդյունք է։ Նույնն է նաեւ Արտաքին գործերի նախարարությունում. նրանք, ջուր օգտագործելու փոխարեն, իրենց հատկացված գումարները ներդնում են ներկայացուցչական ծախսերի մեջ, եւ գրեթե ոչինչ՝ նախարարության կարիքների համար։

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, կոնյակներից, չրերից, շոկոլադե չրերից բացի, զարմանալիորեն նաեւ խմելու ջուր է օգտագործում։ Այս տարվա ընթացքում նրանք 1151 հազար դրամ խմելու ջրի մատակարարման ծախսեր են կատարել։ Էկոնոմիկայի նախարարությունը, հիշեցնենք, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում է ստեղծվել, եւ հենց այս նույն «ճշգրտությամբ» էլ նախարարությունը կազմակերպում է այս ոլորտների աշխատանքները, սակայն, չգիտես՝ ինչու, այդ ոլորտներում զգալի առաջընթաց վերջերս չի եղել։ ԿԳՄՍ նախարարությունը, որը վերջերս աղմկահարույց ձախողումների մեջ է եւ կորցրել է կրթության ոլորտը կառավարելու ղեկը, կատարել է 7 հազար դրամ արժողությամբ ջրի սպառման ծախս։ Հուսանք՝ գոնե ջրօգտագործումը մտքի թարմություն կհաղորդի նախարարությանը։ Ներքին գործերի նախարարությունը ջրի ոչ մի սպառում չի ներկայացրել, սակայն «յուղալի» գնումներ է կատարել, որոնք նախարարության հետ պարզաբանելուց հետո կհրապարակենք։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւս նման գնումներ չի իրականացրել։ Ֆինանսների նախարարությունը թերեւս հայտնվել է 2-րդ տեղում խմելու ջրի օգտագործմամբ. նրանց գնումները կազմել են 489 հազար 600 դրամ։

 




Լրահոս