ՊԱՐՏԱԿԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Վիրաբի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով  ՀՀ ՊՆ N զորամասում, 26.07.2023թ. դրությամբ զբաղեցնելով նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ ավագ լեյտենանտ, հանցագործության եւ հանցանք կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով պարտակել է հանցագործությունը՝ սպանության դեպքը, ինչպես նաեւ աջակցել է համածառայակցին ապօրինաբար կյանքից զրկած Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին:

 

Այսպես, Տիգրան Սիմոնյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ, նշված զորամասի հրամանատարի 12.07.2023թ. թիվ 017 հրամանի համաձայն՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մուրադ Գրիգորյանի, Արմեն Հովհաննիսյանի, Սամվել Մելոյանի, Անդրանիկ Ծատուրյանի, Ժորա  Սահակյանի եւ Վարազդատ Հովհաննիսյանի հետ միասին 2023 թվականի հուլիսի 14-ից նշանակված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասի «Վասպուրական» մարտական դիրքում՝ որպես դիրքի ավագ, 2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանից տեղեկանալով նրա կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին ամրակցված ԿԳ տեսակի հկ 333 համարի գնդացրով վերջինիս մահացու հրազենային վիրավորում հասցնելու եւ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքի մասին, նույն պահին հնչեցրել է «այ բալամ, էս ի՞նչ արիր. երկու օրից իջնում էինք» արտահայտությունը: Այնուհետեւ ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանը, ստուգելով Մուրադ Գրիգորյանի զարկերակը եւ համոզվելով, որ նա մահացած է, որպես դիրքի ավագ, չցանկանալով իր ղեկավարած մարտական դիրքում տեղի ունեցած սպանության դեպքով «խնդիրներ ունենալ» իրավապահ մարմինների աշխատակիցների, նաեւ վերադաս հրամանատարության հետ, բացի այդ, հաշվի առնելով այն, որ Արմեն Հովհաննիսյանը գտնվում է ցայտնոտային հոգեվիճակում, որպիսի հանգամանքը կարող է հանդիսանալ նրա կողմից նոր հանցանքի կատարմանը նպաստող պայման, պարտակել է հանցագործությունը՝ սպանության դեպքը, եւ առանց նախնական խոստման աջակցել է հանցանք կատարած անձին՝ Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին. Տիգրան Սիմոնյանը, ծառայողական՝ իր նկատմամբ ստորադաս հանդիսացող զինծառայողներին հրամաններ տալու լիազորություններն օգտագործելով, «Վասպուրական» մարտական դիրքի ժամկետային զինծառայող Սամվել Գուրգենի Մելոյանի ներկայությամբ Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին հրահանգել է ինչպես համածառայակիցներին, այնպես էլ դեպքից հետո մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին խաբել եւ ասել, որ, իբր, Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել ինքն իրեն հրազենային վիրավորում հասցնելու եղանակով, բացի այդ, Արմեն Հովհաննիսյանին հանձնարարել է Մուրադ Գրիգորյանի դիակի կողքին ընկած, վերջինիս ամրակցված ԿԳ տեսակի հկ 333 համարի գնդացիրը մաքրել եւ այն դնել դիակի մեջքի վրա:

Արմեն Հովհաննիսյանը կատարել է ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի նշված հանձնարարությունները, նախ՝ ԿԳ տեսակի գնդացիրը մաքրել եւ զենքը դրել է Մուրադ Գրիգորյանի դիակի մեջքին, ապա՝ համածառայակիցներին, նաեւ դեպքից հետո մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին խաբել եւ հայտնել է, թե, իբր, Մուրադ Գրիգորյանն ինքն իրեն հրազենային վնասվածք պատճառելու եղանակով ինքնասպան է եղել: Տիգրան Վիրաբի Սիմոնյանն իր հերթին 26.07.2023թ-ին՝ ժամը 16։47-ին, զանգահարել է իր անմիջական վերադաս՝ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Էդիկ Մղդսյանին ու պարտակել հանցագործությունը՝ զեկուցելով, թե, իբր, Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱԹՈՒԽ ՊԵՏԵՐԻՆ

Հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանին, այնուհետեւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին։

 

Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:

Ծառայության պետը նախ շնորհավորել է նորանշանակ պետերին, մաղթել բարի ծառայություն, ապա իր խոսքում հատկապես ընդգծել է կոռուպցիայի եւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անհրաժեշտությունն ու կարեւորությունը։ Ամբակում Գրիգորյանը հավաստիացրել է, որ ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների՝ օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք կատարմանը, եւ ցանկացած օրինախախտ դեպք կստանա իր համարժեք պատասխանը։

Ամբակում Գրիգորյանը միաժամանակ նշել է, որ պատրաստ է աջակցել ծառայողներին ծագած խնդիրների լուծման եւ նախաձեռնությունների իրագործման հարցում։

Նույն օրը Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Թադեւոս Նալբանդյանը «Սեւան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանին։

Թադեւոս Նալբանդյանը նշել է, որ Արտակ Ղազարյանն իր գործի գիտակն է, եւ հույս հայտնել, որ կշարունակեն համատեղ ուժերով իրականացնել իրենց առջեւ դրված նպատակները։

Նորանշանակ պետերը շնորհակալություն են հայտնել ցուցաբերած բարձր վստահության համար եւ հավաստիացրել, որ պատվով կշարունակեն աշխատանքը քրեակատարողական համակարգում։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները եւ պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Քրեական վարույթով պարզվել է, որ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95 մլն դրամ գործարանային արժեքով՝ համակցված կերի հոսքագիծ: Հոսքագիծը նշված արժեքով հաշվառվել է Համայնքի գույքային հաշվեկշռում:Համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի՝ 2010 թվականի հուլիսի 23-ի որոշման պահանջները, այն է՝ սարքավորումը չի կարող օգտագործվել շահույթ ստանալու նպատակով եւ պետք է ծառայի բացառապես ի շահ համայնքի բնակչությանը, հոսքագիծը հանձնել է իր եղբորը փաստացի պատկանող՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում գործող ընկերությանը, որտեղ այն 9 տարի շարունակ շահագործվել է ընկերության արտադրական կարիքների համար:

Համայնքի նախկին ղեկավարը 2019 թվականին նախաձեռնել է գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթաց: 95 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել է 19 մլն դրամ եւ համայնքի ավագանու՝ 2019 թվականի հուլիսի 11-ի թիվ 24-Ա որոշմամբ՝ նույն ամսվա 26-ին ուղղակի վաճառքով օտարվել է իր եղբորը պատկանող ընկերությանը: Դատախազը 2022 թվականի մարտի 22-ին համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): 2024 թվականի հունվարի 30-ին համայնքի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին եւ պետությանը պատճառված՝ 116 մլն դրամի վնասը:

 

 

ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ ԵՆ

Հունվարի 30-ին՝ ժամը 08։32-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Ք., ծնված 1968 թ.) եւ «VAZ» (վարորդ՝ Զ. Ս., ծնված 1960թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Կ. Ս.-ն (ծնված 1960 թ.) հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 




Լրահոս