ԹՎԱՅԻՆ ՈՒ ԿԱՆԱՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Երեւանի պետական համալսարանում երեկ մեկնարկած «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող KPI4HE նախագծի աշխատաժողովին:

 

Ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստելու են որակյալ, ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում: Նախարարի տեղակալը ողջունել է ծրագրի մեկնարկն ու կարեւորել ԿԳՄՍ նախարարության ներգրավվածությունը ծրագրին, ինչպես նաեւ այն փաստը, որ աշխատաժողովի համակարգողը ԵՊՀ-ն է, իսկ դրանում ընդգրկված են նաեւ հայաստանյան մի քանի այլ բուհեր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, գերմանական երկու եւ իտալական մեկ բուհ:

«Այս ծրագիրը շատ տեղին է, քանի որ գործունեության առանցքային ցուցանիշների մշակումն իսկապես համահունչ է կրթական լայնածավալ բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանում, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտում: Սա հնարավորություն կտա զարգացնելու առանձին բուհերի ռազմավարական պլանավորման կարողությունները, մեծացնելու դրանց չափելիությունը: Գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակումը հնարավորություն կտա որակական չափանիշներով մեր կրթական համակարգը դարձնել ավելի չափելի՝ դրանով իսկ այն համադրելի դարձնելով Բոլոնյան գործընթացին մասնակից մյուս երկրների համապատասխան համակարգերին», – ասել է Արթուր Մարտիրոսյանը: Շեշտելով, որ ծրագիրը կարեւոր է նաեւ Հայաստան-ԵՄ երկխոսության շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ 2022-2023 թվականներին «Էրազմուս+» ծրագրով բուհական մակարդակում իրականացվել է 4, իսկ 2023- 2024 թվականին՝ 8 ծրագիր, որոնցից մեկն էլ «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ

բարձրագույն կրթության պատշաճ կառավարման եւ որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագիրն է:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Նա հույս է հայտնել, որ ծրագրի դրական արդյունքները շուտով տեսանելի կլինեն: ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ ծրագիրը կարեւոր եւ դրական ներգործություն կունենա կրթական ծրագրերի,

ադմինիստրատիվ աշխատանքների եւ կառավարման պլանավորման հարցում, ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի կառավարման համակարգը Երեւանի պետական համալսարանում եւ գործընկեր բուհերում:

«KPI4HE» ծրագրով նախատեսվում է բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման, ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման ու պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաեւ հաստատությունների հավաստագրման պետական չափանիշների վերանայում, առաջարկների մշակում:

Աշխատաժողովի համակարգողը ԵՊՀ-ն է. մասնակցում են ՀՀ 5, ինչպես նաեւ մի քանի եվրոպական բուհեր (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Օլդենբուրգի համալսարան, Ջենոայի համալսարան):

«Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման եւ որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) ծրագրի մեկնարկային աշխատաժողովը կշարունակվի մինչեւ հունվարի 31-ը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄՈՊԵԴՆԵՐՈՎ

Երեւանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որն ուղղված է Շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունը թեթեւացնելուն, կանչերին արագ արձագանքելուն։ Մասնավորապես՝ շուտով կգործարկվեն շտապօգնության զանգերին արձագանքելու համար նախատեսված հատուկ մոպեդներ։

 

Մանրամասնելով նախաձեռնությունը՝ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց, որ մոպեդներով շտապօգնության ծառայություն մատուցելու պարագայում չի նախատեսվում բուժառուներին բուժհաստատություն տեղափոխել: Մոպեդով օգնություն կցուցաբերվի այն բուժառուներին, որոնք չունեն քրոնիկական  հիվանդություններ եւ հիվանդանոցային բուժման կարիք:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ բուժառուի հետ գործ ունենք: Օրինակ` այն բուժառուները, որոնք քրոնիկական հիվանդություններ եւ հիվանդանոցային բուժման կարիք չունեն, բայց բարձր ջերմություն ունեն, այս պարագայում բուժակը մոպեդով ավելի արագ եւ օպերատիվ կարող է հասնել տեղ, չափել ջերմությունը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բժշկի հետ եւ տալ համապատասխան դեղորայք»,-ասաց նա:

Կարապետյանը, անդրադառնալով բոլոր այն հարցերին, թե ինչպես են մոպեդով բուժառուներին տեղափոխելու բուժհաստատություն, պատասխանեց, որ մոպեդով ոչ ոքի չեն տեղափոխելու: Ըստ նրա՝ մոպեդն ընդամենը ծառայելու է խցանումների ժամանակ եւ հիվանդանոցային բուժում չպահանջող դեպքերի ժամանակ, ինչը կորոշվի զանգերի ֆիլտրման միջոցով:

«Ուսումնասիրել ենք որոշ երկրների փորձը՝ Իսրայելի, Նորվեգիայի, Վրաստանի եւ Իտալիայի: Այս բոլոր երկրներն ունեն իտալական  մոպեդներ, որոնք վարելը շատ հեշտ է, ինչպես նաեւ ունեն բժշկական հագեցվածության ուղղվածություն: Մոպեդներն ունեն ամրացված պայուսակներ, սարքեր, որոնք բուժակին կամ բժշկին հնարավորություն կտան օգնություն ցույց տալ կամ որոշակի ախտորոշում կատարել»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ այժմ մասնագետների հետ կատարվում են ուսումնասիրություններ, քննարկումներ, վերջնական արդյունքը  լինելու դեպքում հանրությանը մանրամասն կտեղեկացնեն:

 

 

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Երեւանում խելամիտ գներով վարձով տուն գտնելը դարձել է ոչ միայն դժվար, այլ որոշ դեպքերում՝ անհնար:

Բանն այն է, որ Ռուսաստանից, Հնդկաստանից եւ այլ երկրներից դեպի մեր երկիր միգրանտների մեծ ներհոսքին եւ Լեռնային Ղարաբաղից 100 հազարավոր բռնի տեղահանված հայերի ֆոնին կրկնապատկվել, որոշ դեպքերում եռապատկվել են վարձով տների գները, ինչը, սակայն, որեւէ կերպ չի ազդել առաջարկվող պայմանների բարելավման վրա:

Թանկ վարձավճարներին գումարվել է նաեւ օրենքի նոր կարգավորումը, որով վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք պարտավոր են վճարել եկամտահարկ՝ վարձավճարի 10%-ի չափով:

Սոցիալական ցանցերում արված հարցման արդյունքները եւս փաստում են, որ ովքեր վերջին շրջանում տուն վարձակալելու ցանկություն են ունեցել, տանտերերից լսել են նույն պատասխանը՝ տան գինն ավելացել է՝ հաշվի առնելով նոր օրենսդրական կարգավորումներն ու հարկային դաշտ մտնելու հանգամանքը:

Հարցման մասնակիցներից 27-ամյա Ս. Կ.-ն, որը չի ցանկացել իր անուն-ազգանունն ամբողջությամբ նշվի, նշում է, որ վերջին 7 տարին կնոջ եւ երեխաների հետ վարձակալական հիմունքներով Երեւանում է բնակվում, եւ այժմ վարձով բնակարան գտնելու խնդիրների փաթեթին ավելացել է եւս մեկը՝ հարկերը:

«Առաջ էլ էինք մեծ դժվարությամբ վարձով տուն գտնում, ընդ որում՝ առաջարկվող պայմաններն ու պահանջվող գինը ոչ մի կապ չունեն իրար հետ: Մարդիկ իրենց ավտոտնակը, նկուղային հարկերը կամ մեկ սենյականոց բնակարանը մի քիչ կահավորում, անունը «վարձով տուն» են դնում ու որոշում միանգամից հարստանալ: Մի քանի օր առաջ եմ նոր տուն տեղափոխվել, որը գտնելու համար, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ՝ հարյուրավոր զանգեր եմ արել ամենատարբեր տան սեփականատերերի, անշարժ գույքի գործակալություններ եւ գտել եմ՝ սոցիալական հարթակներում հայտարարություններ դնելով»,- ասում է քաղաքացին:

Անդրադառնալով վարձակալությամբ տրվող բնակարանների դեպքում նոր օրենսդրական կարգավորումներին՝ վերջինս նկատում է՝ առաջին հայացքից այն վարձով բնակարան տվողներին որոշակիորեն պետք է կաշկանդեր գին սահմանելիս, սակայն հակառակն է եղել:

«Your dream home» անշարժ գույքի գործակալության տնօրեն Դավիթ Եղիազարյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ վարձով տրվող բնակարանների վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումը շատ քիչ է ազդել վարձավճարի բարձրացման վրա:

«Ոլորտի միակ թերությունն այն է, որ շուկայի վերահսկողություն չկա. ով ինչ ուզում, անում է, ինչ գին ուզում, դնում է, անգամ մենք չենք կարողանում վերահսկել: Հոյակապ կլինի, եթե վերահսկող մարմին լինի, որը որ կզբաղվի դրանով»,- կարծում է նա:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս