ԴԺՈԽԱՅԻՆ ԹՎԱՑՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարինե Բալայանի ընտանիքը, կրելով մի շարք զրկանքներ, շարունակում էր ապրել ու արարել հայրենի Արցախում՝ հույսով սպասելով, որ Արցախի համար մի օր արեւը նույնպես կշողար: 44-օրյա պատերազմի ժամանակ Մարինեն կորցրեց իր ամուսնուն, իսկ 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմն իր հետ տարավ քրոջ 19-ամյա որդուն: Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի «Հայկազով»-ի զորամասի պահեստի պայթյունից մինչ օրս էլ անհայտ կորած է համարվում քրոջ ամուսինը:

 

«Ստեփանակերտի պայթյունից հետո՝ երկու օր անց, ճանապարհվեցինք դեպի Հայաստան՝ անցնելով դժոխային թվացող ճանապարհ, որը տեւեց 38 ժամ։ Մենք շտապում էինք, որովհետեւ պետք է հուղարկավորեինք քրոջս որդուն, ում մարմինն արդեն տեղափոխել էին Գորիսի դիահերձարան…. Ոչ մի կերպ չենք հարմարվում ո՛չ հայրենիքի կորստի, ո՛չ հարազատների կորստի հետ, ո՛չ էլ ամուսնուս գերեզմանն այնտեղ թողնելու փաստի հետ», – պատմում է Մարինեն։ Մարինեի ամուսինը՝ Հայկը, արցախյան առաջին գոյապայքարի ժամանակ զոհված ազատամարտիկի որդի էր՝ դաստիարակված հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ: Հայկը ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո՝ 2007 թվականից, ծառայության է անցնում Արցախի պաշտպանության բանակում նախ՝ որպես ենթասպա, ապա բարեխիղճ ծառայության համար վերադասի կողմից նշանակվում է հակատանկային մարտկոցի հրամանատար: Ծառայությանը զուգահեռ ստանում է նաեւ բարձրագույն կրթություն՝ ավարտելով Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետի պատմության բաժինը: Մասնակցել է քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին:

«44-օրյա պատերազմում հոկտեմբերի 22-ին Վարանդայի /Ֆիզուլի/ «Ելի» կոչվող տեղամասում թշնամու արձակած ԱԹՍ-ի հարվածից ծանր գլխուղեղային վիրավորում է ստանում Հայկը եւ անգիտակից վիճակում տեղափոխվում է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: 11 ամիս շարունակ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց ճակատագրի դեմ բոլորս անզոր էինք… 2021թ. սեպտեմբերի 18-ին, այդպես էլ գիտակցության չգալով, Հայկը եւս բռնում է հավերժի ճանապարհը….»,- խորը ցավով վերհիշում է կինը՝ Մարինեն:

Արցախից Հայաստան տեղափոխելու ողջ ճանապարհին մեքենան վարել է Մարինեի 15-ամյա որդին: Հիմա Մարինեն իր երեք երեխաների, ծնողների եւ քրոջ ընտանիքի հետ ապրում է Հրազդան քաղաքում: Ասում է՝ աշխատանք են փնտրում օրվա հոգսը թեթեւացնելու համար: Մինչեւ 44-օրյա պատերազմը Հայկի ընտանիքն ապրում էր Մարտունու շրջանի Ներքին Ճարտար քաղաքում, սակայն քաղաքը 2020 թվականին անցավ թշնամու վերահսկողության տակ, եւ Մարինեն իր երեք երեխաների հետ ստիպված եղավ տեղափոխվել Ստեփանակերտ: Հայկի աճյունը եւս ամփոփվել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում:

«Առանց չափազանցնելու կասեմ, որ Հայկն օժտված էր մարդկային բոլոր դրական հատկանիշներով՝ բարի էր, հոգատար, անկեղծ ու նվիրված եւ չափից շատ հայրենասեր: Սիրված եւ հարգված էր եւ՛ ընկերների, եւ՛ հարազատների կողմից: Զինակից ընկերների մեջ մեծ հարգանք էր վայելում, միշտ պատվով ու խիզախությամբ է կատարել իր առջեւ դրված ցանկացած խնդիր»,- պատմում է Մարինեն:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

 

ՎԱՐԴԵՆԻ՞ՍՆ Է ԴԱՏԱՐԿՈՒՄ

Ամբողջ հասարակության մեջ մեծ խուճապ կա, որ Վարդենիսը ուզում են դատարկեն. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսում բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մեկը։

 

«Եթե այդպիսի բան չկա, թող հանրային կերպով հանդես գան, ժողովրդին հանգստացնեն։ Ինչ տարել են Վարդենիսից՝ մորգը, սանեպիտկայանը, թող հետ բերեն, հիմա էլ պասպորտսեղանն են ուզում տանեն։

Ինչ կա, թող թողնեն տեղում, իսկ տարածը վերադարձնեն. եթե չէ, ուրեմն հաստատ ուզում են իրականացնեն այդ ծրագիրը։ Ժողովրդի մեջ խուճապ կա, իսկ իրենք այնտեղ հանգիստ նստած են։ Կա՛մ իրենց անվտանգությունը լավ չի աշխատում, կա՛մ էլ, հակառակը, լավ աշխատում է, բայց իրենց մեկ է:

Մենք չենք ուզում քաղաքականացնել այս հարցը, եկել ենք մեր պահանջը ներկայացնենք։ Նիկոլը ի՞նչ է անում, նրացից ազատվելու համար ընտրեցինք Նիկոլին, հիմա ի՞նչ է անում, Վարդենի՞սն է դատարկում։ Գյուղերը արդեն դատարկում են, ամեն գյուղում 50 փակ դուռ ցույց կտամ»,- ասաց Վարդենիսի բնակիչներից մեկը։ Հիշեցնենք, որ առավոտից Վարդենիսի եւ հարակից գյուղերի բնակիչները փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք դժգոհում են Վարդենիսի անձնագրային եւ վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ: Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երեւան քաղաքում էլ, եւ ես ինչպես Արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետեւանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»:

Ն.  ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ  ՎԻՃԱԿԸ

Տավուշի մարզում բազմաթիվ են աղբավայրերը, սակայն դրանք չեն համապատասխանում օրենքով աղբավայրերին ներկայացվող պահանջների: Աղբավայրերի քանակի ու դրանց վիճակի վերաբերյալ լրագրողական մեր հարցումին ի պատասխան՝ Տավուշի մարզպետարանից հայտնել են. «Մարզի տարածքում գործում է 33 աղբավայր, ինչը տարածքային եւ շահագործման հնարավորությունների տեսանկյունից բավարարում են մարզի բնակչության եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից առաջացրած կոմունալ-կենցաղային թափոնների, աղբի տեղափոխման եւ աղբավայրում տեղադրման պահանջները: Աղբավայրերի տարածքները համայնքների խոշորացումից առաջ նախկին 32 համայնքների ավագանիների նիստերի որոշումներով հատկացված են որպես աղբավայր, բացառությամբ Իջեւան համայնքի վարչական տարածքում գտնվող Լուսաձոր-3 աղբավայրի, ինչի տարածքը մասնավոր սեփականություն է եւ վարձակալված է Իջեւանի համայնքապետարանի կողմից: Աղբավայրը սպասարկում է Իջեւան քաղաքի, Ենոքավան, Լուսաձոր եւ Ակնաղբյուր բնակավայրերի կոմունալ-կենցաղային կարիքները: Աղբավայրերը մասամբ են համապատասխանում ՀՀ օրենքներով եւ այլ իրավական  ակտերով նախատեսված նորմատիվատեխնիկական պահանջներին: Այդ պահանջներին առավել համապատասխանում է վերջին ժամանակներս Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի հարակից տարածքում կառուցված աղբավայրը»: Մարզպետարանի պատասխանում հիշատակում չկա Դիլիջան համայնքի աղբավայրի մասին։ Ավելի քան 32 հեկտար զբաղեցնող այդ աղբավայրը գտնվում է Հաղարծին գյուղի  տարծաքում. այնտեղ կուտակվում են Դիլիջան քաղաքի եւ համայնքի 6 գյուղերի՝ Հաղարծնի, Թեղուտի, Գոշի, Հովքի, Աղավնավանքի եւ Խաչարձանի կենցաղային թափոնները։ Այդ աղբավայրը չունի  ցանկապատ, պահակակետ, այնտեղ  առկա են բազմաթիվ այրման օջախներ։ Հաղարծնի աղբավայրում տարեկան կուտակվում է  ավելի քան 17 հազար խորանարդ մետր կենցաղային աղբ։ Դիլիջան համայնքում  աղբահանությամբ զբաղվում է «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում եւ լուսավորություն» ՀՈԱԿ-ը: Անհրաժեշտ է Դիլիջան համայնքում ստեղծել նոր, օրենքի պահանջներին  համապատասխան աղբավայր, ներկայումս գործող, Հաղարծին գյուղի տարածքում առկա  աղբավայրը  ռեկուլտիվացնել։ ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 49 արձանագրային որոշման  11-րդ կետով հավանության է արժանացել Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգը, համաձայն որի՝ նախատեսվում է Լոռու եւ  Տավուշի մարզի Դիլիջան համայնքի համար ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայր, սակայն անցած 7 տարում   ժամանակակից այդ աղբավայրը  չի ստեղծվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս