Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալուն․ Ռուբեն Ռուբինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը երբեք համաձայնություն չի տվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելուն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և հավասարության սկզբունքներով։ Սա շատ պարզ է, մենք սրան համաձայն ենք, Ադրբեջանի նախագահը սրան համաձայն է, մենք սա դնում ենք թղթի վրա և իրականացնում ենք»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ նախագահի տեղակալը հավելել է, որ երբեմն տերմինները, որոնք օգտագործվում են, ի ցույց են դնում դրանք օգտագործողների իրական մտադրությունները։

«Օրինակ, ինչո՞ւ է Հայաստանը որոշել տարածաշրջանի կոմիունիկացիաների ապաշրջափակելու իր նախաձեռնությունն անվանել «Խաղաղության խաչմերուկ»։ Որովհետև մենք ուզում ենք, որ մեր տարածաշրջանը խաղաղության խաչմերուկ լինի։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, և Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալուն»,- նշել է Ռուբինյանը։




Լրահոս