Այսօր կկայանա Կառավարության մարտ ամսվա առաջին նիստը։ Նիստի օրակարգում կրկին մի շարք չզեկուցվող հարցեր են ընդգրկված։
ArmLur.am-ը նկատեց, որ օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը Էկոնոմիկայի նախարարության նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանինն է։ Օրակարգում առկա 34 չզեկուցվող զեկույցից 5-ը Գևորգ Պապոյանինն է։
Նորանշանակ նախարարի զեկույցներից 2-ը ՀՀ Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին է։ Մյուս երեք զեկույցները՝ Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԻՆԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին է, Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների փոխհատուցման ծրագիրը հաստատելու և «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին։
Վերջին կետով սահմանվում է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 29.8 մլն դրամ «Կոնյակի սպիրտի իրացման աջակցության ծրագիր միջոցառման շրջանակներում առաջացած պարտավորությունների կատարման նպատակով, քանի որ 2024թ. հունվար ամսին Միջոցառման 4 շահառուների կողմից ներկայացված դիմումների համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում իրացված կոնյակի սպիրտի համար տրամադրվելիք աջակցությունը կազմում է 79.8 մլն դրամ, սակայն ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով Միջոցառման համար նախատեսվել է 50.0 մլն դրամ:
Զեկույցի ամփոփաթերթում ներառված է հետևյալ կետը՝ ի պատասխան բոլոր հարցերի․
«Բյուջետային տարվա սկզբին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին գումարի հատկացումը համարում ենք ռիսկային, առաջարկում ենք զերծ մնալ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը որպես ֆինանսավորման աղբյուր դիտարկելուց և Նախագծով պահանջվող գումարի ֆինանսավորումը դիտարկել Նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխումների ճանապարհով՝ առաջնահերթությունների վերանայման համատեքստում»:
Էմմա Միքայելյան