ArmLur.am-ը տեղեկացավ, որ հակակոռուպցիոն կոմիտեն հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակվության անդամ Գոհար Ղումաշյանին։ Խոսքը վերաբերում է տարիներ շարունակ ուսանողների հետ իրականացված գործունեությանը և նրանց ուսման վարձերի փոխանցման գործընթացներին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել է ձերբակալման պատճառը․
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց»։
Նշենք նաև, որ Գոհար Ղումաշյանի երեխան նորածին է՝ 2 ամսական, և կրծքով է կերակրվում․ ընդ որում Գոհար Մելոյանը նշել է, որ Ղումաշյանը սթրեսից ունեցել է վաղաժամ ծննդաբերություն։





























