Ի՞ՆՉ ԿՈԹՈՂՆԵՐՈՎ Է ՀԱՐՈՒՍՏ ԿԻՐԱՆՑ ԳՅՈՒՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երեւանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով գործընթացը սկսել Տավուշի մարզից։ Նա նաեւ պարբերաբար ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության քարտեզը՝ 29.800 քառ. կմ-ով,եւ մի փոքրիկ հատված, որը Ադրբեջանում գտնվող հայկական Արծվաշեն գյուղն է: Սակայն առանց հիշատակելու Արծվաշենի մասին՝ Փաշինյանը նշեց, որ եթե Ադրբեջանը պահանջում է Հայաստանում գտնվող «անկլավ»-ները, ապա հայկական կողմն էլ պահանջելու է Արծվաշենը: Փաշինյանն այս նույն դիրքորոշումն է հայտնել Տավուշ կատարած այցի ժամանակ:

 

Հանդիպումից ունեցած բուռն քննարկումներից հետո տավուշեցիները հայտարարել են, որ դիմելու են ինքնապաշտպանության՝ թույլ չտալու, որ հանձնվեն իրենց հայրենի գյուղերը: ArmLur.am-ը ուսումնասիրել է Տավուշի շրջանի 4 գյուղերում (Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեւան, Կիրանց) գտնվող պատմամշակութային կոթողները եւ այդ կոթողների ունեցած պատմական ու մշակութային արժեքները: Նշված 4 գյուղերը կորցնելով՝ Հայաստանը, հայկական տուրիզմը կկորցնի նաեւ մի շարք կոթողներ ու տեսարժան վայրեր: Կիրանց գյուղում գտնվող եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները թվագրվում են դեեւս 2-1 հազարամյակներով: Գյուղատեղի Հին Կունեն մեզ է հասել 13-19-րդ դարերից, գտնվում է գյուղի արեւելյան եզրին՝ Կիրանց գետի երկու ափին: Գյուղատեղի հյուսիս-արեւմտյան մասում գտնվում է գերեզմանոց, որը թվագրվում է 13-17-րդ դարերով: Գյուղատեղի հարավային մասում եւս կա գերեզմանոց, որը թվագրվում է 13-19-րդ դարերով: 1676 թվականի Շամբեցի Հայրապետի տապանաքարը եւ մի քանի խաչքարեր պահպանված են 17-րդ դարից: Գյուղատեղիի հյուսիսային մասում՝ Կիրանց գետի ձախ ափին, գտնվել է 17-րդ դարի եկեղեցի (անունը հայտնի չէ), որից պահպանվել է միայն խորանը: Կիրանց վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում եւ գտնվում է գյուղից 12 կմ դեպի աեւմուտք՝ Կիրանց գետի ձախ ափին: Այն բաղկացած է երեք եկեղեցուց, գավիթ-սրահներից, սեղանատնից, բնակելի եւ օժանդակ շինություններից: Վանքը պարսպապատ է: Սեղանատան արեւմտյան կողմում գտնվում են վանքապատկան մի քանի թաղակապ սենյակներ: Պահպանվել են նաեւ միաբանության խցերի մնացորդներ, գերեզմանատունը, կամարակապ մեծ դարպասով վանքի պարիսպը: Գյուղում են գտնվում միջնադարից պահպանված մի քանի կամուրջներ: Կիրանցում է գտնվում նաեւ Շոռ աղբյուրի ձորում կառուցված կամուրջը: Գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք է գտնվում 11-13-րդ դարերով թվագրվող Խաչի յալ մատուռը ու էլի մի քանի եկեղեցիներ ու մատուռներ, որոնց անունները հայտնի չեն, սակայն պահպանված որոշ արձանագրություններից տեղեկանում ենք, որ կառուցվել են 12-14-րդ դարերում: 13-րդ դարում պահպանված եկեղեցիներից մեկն (անունն անհայտ է) ունեցել է սեղանատուն, որը հարուստ է եղել որմնանկարներով: Եկեղեցու սեղանատունը պահպանված է: Եկեղեցիներն իրենց տարածքում ունեն գերեզմանոցներ (13-րդ դար), եւ պահպանվել է նաեւ Մամիա վարդապետի տապանաքարը՝ 1698 թվականից: Կիրանց գյուղն ունի նաեւ ջրանցք, որը սկիզբ է առնում Սրանոցի կամրջի մոտից, անցնում Կիրանց եւ Աճարկուտ գյուղերով: Ջրանցքն այսօր էլ գործող է: 1964 թվականին գյուղի կենտրոնում կանգնեցվել է հուշարձան՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին, եւ 1996 թվականին կառուցվել է Արցախյան առաջին պատերազմի զոհվածների հիշատակն անմահացնող հուշարձան: Գյուղից 3 կմ դեպի արեւմուտք՝ Կիրանց գետի ձախ ափին՝ «Ծլհան» բացատում, պահպանվել է Ք.ա. 2-1 հազարամյակներով թվագրվող Դամբարանադաշտ:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՓԱԿ Է

Մեր երկիր արտահանումը եւ ներմուծումը գրեթե կիսով չափ հենց Ռուսաստանից է, եւ բնական է, որ այդտեղ ցանկացած դժվարություն էական հետեւանքներ է թողնելու մեր տնտեսության վրա:

 

Օրեր առաջ Ռուսաստանի իշխանությունները հայտնեցին Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերի Լարս» անցակետի փակման մասին: Հյուսիսային Օսիայի կառավարությունը հաղորդում էր տարածել, ըստ որի՝ միջպետական ճանապարհին եւ հարակից կայանատեղիներում դեպի Վրաստան անցմանը սպասում էր շուրջ 500 բեռնատար, ինչպես նաեւ տեղական իշխանությունները հայտնեցին, որ Լարսի անցակետի էլեկտրոնային հերթագրման համակարգում սահմանի հատման 1500 եւ ավելի հայտ է լրացվել: ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչն է անցակետի փակ լինելու պատճառը, եւ տնտեսապես ինչ հետեւանքներ կարող է թողնել Հայաստանի վրա. «Վերջին շրջանում ճանապարհի փակ լինելու հիմնական պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, բայց նաեւ ակնհայտ է այն անորոշությունը եւ ռիսկը, որը բխում է աշխարհաքաղաքական իրավիճակից՝ հայ-ռուսական հարաբերություններից: Դժվար է ասել՝ որքան ժամանակ կտեւի սա, եղանակային պայմանները գնալով ավելի տաքանում են, եւ եղանակային պայմանների բացասական գոտուց կվերանան, բայց մյուս գործոնը, որի մասին խոսում ենք, շատ անորոշ է, եւ դա ավտոմատ դժվար է կանխատեսել, որովհետեւ դա կապված է հայ-ռուսական հարաբերությունների հետ եւ հետագա հնարավոր խնդիրների»: Տնտեսագետի խոսքով՝ դա կազդի մեր տնտեսության վրա. «Դե, իհարկե, եթե մեր երկիր արտահանումը եւ ներմուծումը գրեթե կիսով չափ հենց Ռուսաստանից է, բնական է, որ այդտեղ ցանկացած դժվարություն էական հետեւանքներ է թողելու մեր տնտեսության վրա»:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԹՇՆԱՄՈՒ ԶԻՆՈՒԺԻ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ

Տավուշի մարզի սահմանագոտում տեղի են ունենում ադրբեջանական զինուժի եւ զինտեխնիկայի, այդ թվում՝ ծանր տեխնիկայի կուտակումներ։ Առաջիկա   օրերին սահմանի այդ հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից հարձակումը քիչ հավանական է թվում շարունակվող անձրեւների պատճառով, քանզի ցեխոտ, դժվարանցանելի  տեղանքները դժվարություններ են  ադրբեջանական տեխնիկայի տեղաշարժի համար։ Մարտի 5-ին տեղեկատվական հարցում ենք ուղարկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ նրան հարցնելով՝

  1. Տավուշի մարզի Ոսկեպար եւ Այգեպար գյուղերի սահմանամերձ տարածքներում Ռուսաստանի զինուժի կողմից կառուցված, հավաքովի կոնստուկցիաներով շենքերը ի՞նչ նպատակով են կառուցվել, ներկայումս դրանք որպես ի՞նչ են ծառայում։
  2. Տավուշի մարզի սահմանագոտում, անկլավ հանդիսացող կամ այդպիսին չհանդիսացող, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի հարակից տարածքներում ՊՆ-ն հողաշինական ի՞նչ աշխատանքներ է կատարում, ի՞նչ նպատակով։

Պաշտպանության նախարարությունից մարտի 21-ին գրավոր պատասխանել են, որ ռուսական զորանոցների վերաբերյալ հարցը ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթների շրջանակներից դուրս է։ ՊՆ-ն  պարտավոր էր հայտնել, թե որն է այդ տեղեկատվությանը տիրապետող պետական հիմնարկությունը։ Սահմանագոտում հողաշինական աշխատանքների վերաբերյալ հարցին ՊՆ-ն պատասխանել է, որ այդ հարցով «Տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ ՀՀ կառավարության 11.01.2024թ. N953 որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ, 12-րդ եւ 21-րդ կետերի պահանջները»։

 

 

 

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՕԳՆԵԼ ԵՆ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին  հարցում ենք ուղարկել՝  հարցնելով, թե  ովքեր, որ կազմակերպություններն  են օգնել  Տավուշում հաստատված արցախցիներին։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Փաշինյանի որոշումով  2021թ.  ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը խուսափել է Արցախ բառն օգտագործել։ Մարզպետարանից ստացված  պատասխանում  նշված  է. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, Տավուշի մարզում հաստատված բնակիչներին դրամական օգնություն տրամադրում է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հիգիենիկ, պարենային, ոչ պարենային ապրանքներ, կենցաղային տեխնիկա տրամադրվել են Ռումինիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Լիտվայի, Ավստրիայի, Արգենտինայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի հայ գործարարների, Հունաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի հայ համայնքի, Բոքսի Ֆեդերացիայի, ՌԴ գործարարների, UNHCR-ի, ՀԲՄԸ-ի, ՄԱԿ-ի պարենային համաշխարհային կազմակերպության, անհատ բարերարների եւ տարբեր ՀԿ-ների կողմից»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս