ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐՈՎ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում երեկ ընթանում էր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։

 

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները երաշխավորագրեր են ներկայացրել դատարանին՝ Աշոտյանին ազատ արձակելու համար։

Դատարանի բակում էր նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը. ArmLur.am-ը մի քանի հարց ուղղեց նրան։

-Տիկի՛ն Թովմասյան, գրեթե 10 ամիս է, ինչ Արմեն Աշոտյանը կալանքի տակ է գտնվում, այդ իսկ պատճառով էլ երաշխավորություն եք ներկայացրել դատարանին նրա ազատ արձակման համար: Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ երաշխավորությունից, արդյո՞ք դատարանը կբավարարի այն:

-Երաշխավորի ինստիտուտը հենց նրա համար է, որ հանրության շրջանում որոշակի ճանաչվածություն, վստահելիություն, ունեցող անձը կարողանա երաշխավորություն տալ որեւէ կալանավորի համար, որպեսզի վերջինս ազատ արձակվի, եւ  սրանից բխում է նաեւ, որ նա ազատության մեջ չի խախտի օրենքները, կենթարկվի նախաքննական մարմնի որոշումներին եւ այլն, բայց, ցավոք սրտի, ես խիստ կասկածում եմ, որ հայկական իրականության մեջ մենք դրական արդյունքի ականատես կլինենք, թեպետ պատգամավորն այն մարդն է, որն օժտված է առաջնային մանդատով, այսինքն՝ պատգամավորին ընտրել են քաղաքացիները, եւ նա ունի ամենահուսալի վստահությունը հանրության մեջ՝ որպես ինստիտուցիոնալ մարմնի ներկայացուցիչ, հետեւաբար, պատգամավորների ներկայացրած երաշխավորությունը պետք է որ հաստատվի եւ ընդունվի: Չեմ կարող ասել՝ այս դատավորի մտքով ինչ կանցնի, եւ նա ում հրահանգները իրականում կկատարի, որովհետեւ եթե նա առաջնորդվի օրենսդրությամբ, բնականաբար պիտի Արմեն Աշոտյանը հենց այս պահին ազատ արձակվի դատարանի դահլիճից՝ հաշվի առնելով այն փաստը, որ 33 ընտրված մարդիկ երաշխավորում են, որ նա չի փախչելու քննությունից, երկիրը չի լքելու եւ շարունակելու է նախաքննական մարմնի բոլոր որոշումներին եւ գործողություններին ընդառաջ գնալ այնպես, ինչպես եղել է, եւ անհասկանալի էր ընդհանրապես Արմեն Աշոտյանին կալանքի տակ առնելու որոշումը: Հիմա ես մեծ հույս չունեմ, բայց նաեւ չեմ կարող քայլ չանել, որպեսզի Հայաստանում մեկ հոգով պակաս լինեն քաղբանտարկյալները:

-Տիկի՛ն Թովմասյան, միշտ նշվում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, սակայն արդարադատության նախարարը նշում է, որ Հայաստանում ընդհանրապես քաղբանտարկյալներ չկան: Ի՞նչ եք կարծում, ի՞նչու է այստեսակ հայտարարություն անում:

-Իշխանությունները միշտ այդպես են ասում. չեմ հիշում, որ մեկ այլ ձեւակերպմամբ պատասխանած լինեն, բայց Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է: Մենք հիմա մի հետաքրքիր փաստաթղթի ուղղությամբ ենք աշխատում՝ հանել ենք բոլոր հնարավոր ձեւակերպումները, թե աշխարհում ինչպես է տրվում քաղբանտարկյալի բնորոշումը, եւ հավատացեք՝ բոլոր այդ պահանջների, ձեւակերպումների մեջ Արմեն Աշոտյանի՝ իբրեւ քաղբանտարկյալի դեպքը տեղավորվում է: Նա նաեւ միջազգային օրենսդրությամբ եւ միջազգային նորմերով քաղբանտարկյալ է, ու այդ մասին ես շուտով նաեւ հանրային  կերպով կհայտնեմ:

-Ի՞նչ եք կարծում, այս անգամ դատարանը ի՞նչ կորոշի:

-Դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, թե ով է Հայաստանում Բարձրագույն խորհրդի նախագահը, որը խնդիր է  դրել իր առաջ ենթարկեցնելու դատավորներին: Ինչպես գիտեք, Բարձրագույն խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի աշխատասենյակում կախված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, նա ոգեշնչվում է այդ նկարով եւ արդարադատությունը պատկերացնում է վարչապետ Փաշինյանի դեմքով: Հաշվի առնելով, որ Արմեն Աշոտյանի կողմից հնչեցված քննադատական խոսքերը Նիկոլ Փաշինյանի հասցեին ավելի են զայրացրել Փաշինյանին, կարող եմ ասել, որ դժվար եմ պատկերացնում, թե դատավորը կարող է քաղաքական համարձակություն ցուցաբերել, թեեւ ֆորմալ առումով դատավորը պարտավոր է քաղաքական չեզոքություն ցուցաբերել եւ հետեւել փաստերին, ոչ թե հրահանգներին, քանզի Արմեն Աշոտյանի գործը եւ իրավաբանությունը չափազանց հեռու են իրարից: Միայն մի փաստ. խորհրդի նախագահը որեւէ հաստատության վարչարարություն չի իրականացնում, իսկ Արմեն Աշոտյանին դատապարտում են հենց վարչարարության համար, այսինքն՝ «ինչ-որ որոշում է կայացրել», «ինչ-որ թուղթ է ստորագրել», բայց նա կոլեգիալ մարմնի ղեկավար է եղել, եւ դրանով արդեն ամեն ինչ ասված է:

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 197

Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 5-ի մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակած «փաստ N93-ը` «Նոր Հայաստան»-ի մասին» զեկույցում հայտարարեց. «ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի, և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։

 

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթը հարկ է համարում հիշեցնելու, որ այս ելույթից երեք ամիս առաջ՝ 04.02.2019 թվականին, համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի շարասյունը Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, կոպտորեն խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակ։

2020 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը մեծացել է, եւ մինչ վարչապետի տեղաշարժի մեկնարկը, ոստիկանությունը կաթվածահար է անում երթեւեկությունը այն փողոցներում, որոնցով պետք է անցնի Նիկոլ Փաշինյանի շարասյունը։

2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 18։05-ի սահմաններում, Երեւանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը, մասնավորապես՝ ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, որը գտնվում էր հղիության 8-րդ ամսում։

Այդ ժամանակ շարասյունը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Ազգային ժողով՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպման։ Վրաերթի ենթարկելուց հետո ավտոմեքենան մի պահ կանգնում է, այնուհետև շարունակում է ընթացքը։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխում են «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն, արդեն մահացած վիճակում։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց. ապրիլի 26-ին ձերբակալվեց վրաերթի ենթարկողը՝ ոստիկանության մայոր, ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար 51-ամյա Արամ Նավասարդյանը։ Ապրիլի 29-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց։

Այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանի տեղաշարժի ժամանակ հետիոտնային անցումների երկու կողմերում մի շարք ոստիկաններ են կանգնում արգելելու համար քաղաքացիների տեղաշարժը:

Վարչապետի ավտոշարասյունը ոչ միայն կարմիր լույսի տակ չի կանգնում, այլեւ մարդ է սպանում։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԽԶՈՒՄ

«Հայաստանը կարող է դիտարկել Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը». – խորհրդարանում այս մասին հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Հույս ունեմ, որ միջկառավարական համաձայնագրի խմբագրման վերաբերյալ մեր առաջարկները կընդունվեն։ Եթե դրանք չընդունվեն, ապա ես իրականում չեմ բացառում հավանականությունը, որ Հայաստանը կարող է եւ դիտարկել այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ 2 շաբաթ առաջ հայտարարվեց «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» եւ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակելու մասին որոշումը, այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ տեղի էին ունենում միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ շփումներ, կոնսուլտացիաներ։

Ըստ նրա՝ այդ կոնսուլտացիաների նպատակն էր արձանագրել, որ 5-րդ եւ 6-րդ հովածները խախտվել են, սակայն չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը, դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, ինչի հետեւանքով էլ այդ հաղորդումները եթերազրկվել են։

Միաժամանակ Հայրապետյանն ասաց՝ սա չի նշանակում, որ այդ բանակցությունները փակուղում են։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են առաջարկների փաթեթ ուղարկել ռուս գործընկերներին, թե ինչպես են պատկերացնում միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ նոր խմբագրումները։

«Մեր նպատակը իրավիճակի սրումը չէ, այլ կառուցողական բանավեճի արդյունքում ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի, ստանալ այնպիսի փաստաթուղթ, որտեղ ամրագրված խախտումների դեպքում կհետեւեն պատժամիջոցներ։ Մեր ցանկությունն է վերախմբագրել այդ համաձայնագիրը, որը հնարավորություն կտա նման խախտումների հայտնաբերման պարագայում կիրառել վարչական վարույթ՝ սանկցիաներ», – նշեց ԲՏԱ նախարարը։

Այս տարվա փետրվարին պաշտոնական Երեւանը բողոքի նոտա էր հղել Մոսկվային՝ երկու կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը խախտելու համար։

 




Լրահոս