Իսրայելի զինվորականներն օգոստոսի 19-ին հայտարարել են, որ որոշում է կայացվել քրեական հետաքննություն սկսել Գազայի հատվածում պատերազմի ընթացքում պաղեստինցիների վրա կատարված երկու աղմկահարույց հարձակումների, այդ թվում՝ 5-ամյա Հինդ Ռաջաբի և նրա ընտանիքի, ինչպես նաև պաղեստինցի շտապօգնության 15 աշխատակիցների սպանությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Զինվորականները հայտնել են, որ քրեական հետաքննություն չեն սկսի երեք այլ հարձակումների առնչությամբ, որոնց հետևանքով սպանվել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունների հումանիտար աշխատողները։
Ըստ իսրայելական բանակի հայտարարության՝ ավարտվել է Գազայում իսրայելական ուժերի գործողությունների 150 միջադեպերի վերանայումը, և որոշումներ են կայացվել հինգ դեպքերի վերաբերյալ։
Հայտարարության մեջ չեն հիշատակվել այլ աղմկահարույց սպանությունները, որոնք զինվորականները խոստացել են հետաքննել պատերազմի ընթացքում։ Չեն հիշատակվել Իսրայելի կողմից 2025 թ. օգոստոսին Գազայի հարավում գտնվող հիվանդանոցին հասցված հարվածները, որոնց հետևանքով զոհվել է հինգ լրագրող, այդ թվում՝ Մարիամ Դագգան, որն աշխատել էր The Associated Press-ի և այլ լրատվական կազմակերպությունների համար։
Ըստ տեղեկությունների՝ 5-ամյա Ռաջաբը սպանվել է իր հարազատների հետ միասին՝ Իսրայելի հարձակման ընթացքում Գազա քաղաքից փախչելու փորձի ժամանակ։ Իսրայելական ուժերը կրակ են բացել երեխային և նրա հարազատներին տեղափոխող մեքենայի վրա։ 5-ամյա երեխան մեքենայում միակն էր, որ ողջ էր մնացել։ Կարմիր մահիկը կապի մեջ էր նրա հետ, մինչ նրանք փորձում էին զինվորականներից թույլտվություն ստանալ երեխային փրկելու համար, սակայն կապը կորել էր, և Հինդ Ռաջաբն ու նրա հարազատները, ինչպես նաև երկու բժիշկներ 12 օր անց մահացած էին հայտնաբերվել։
Մյուս դեպքն առնչվում է շտապօգնության 15 աշխատակիցների սպանությանը, երբ իսրայելական զորքերը Ռաֆահ քաղաքում կրակ են բացել շտապօգնության մեքենաների վրա, սպանել աշխատակիցներին, ապա թաղել նրանց զանգվածային գերեզմանում:
Զորքերը կրակ են բացել առաջին շտապօգնության մեքենայի վրա, որը շարժվում էր իսրայելական հարձակումից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, ապա կրակ են բացել մի քանի այլ շտապօգնության մեքենաների վրա, որոնք դուրս էին եկել առաջինին փնտրելու։ ՄԱԿ-ի և փրկարարական ծառայության աշխատակիցները կարողացել են հասնել դեպքի վայր միայն մեկ շաբաթ անց։
Իսրայելական բանակը սկզբում հայտարարել էր, որ կրակ է բացել, քանի որ մեքենաները «կասկածելիորեն» շարժվում էին մոտակա զորքերի վրա՝ առանց լուսարձակների կամ արտակարգ իրավիճակների ազդանշանների:
Սակայն նրանք հրաժարվել են այդ պնդումից այն ժամանակ, երբ հայտնվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են Կարմիր մահիկի և քաղաքացիական պաշտպանության թիմերը դանդաղ վարում արտակարգ իրավիճակների մեքենաները թարթող լույսերով և տեսանելի լոգոներով։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գլխավորած զինյալները Իսրայելի հարավում սպանեցին 1200 մարդու, հիմնականում՝ խաղաղ բնակիչների, և առևանգեցին 251 հոգու: Ըստ անկլավի Առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի մեկնարկած պատասխան ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 73 000 մարդ:




























