Որ առանց վնասվածքների հանդես գան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 3-ին Իսրայել՝ Եվրոպայի առաջնություն մեկնելուց առաջ այս օրերին Աբովյանում անցկացնում են վերջին ուսումնամարզական հավաքները:

Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը, թիմի կազմում ըստ քաշային կարգերի, ընդգրկված են Սմբատ Մարգարյանը (56), Վանիկ Ավետիսյանը (65), Տիգրան Մարտիրոսյանը և Առաքել Միրզոյանը (77), Աղասի Աղասյանը (85), Ռուբեն Ալեքսանյանն ու Հայկ Հակոբյանը (գերծանր): Գլխավոր մարզիչը գոհ է կատարված աշխատանքից, ծանրորդների մարզավիճակից և համոզված է, որ նրանք կկարողանան նորմալ հանդես գալ Եվրոպայի առաջնությունում:

Նման լավատեսությունը պայմանավորված է նաև Հայաստանի առաջնությունում մեր ծանրորդների ցույց տված արդյունքներով:

Իսկ ինչ ակնկալիքներով են մեկնում Իսրայել, մեդալներ կլինե՞ն:

«Իհարկե, եթե հնարավորություն լինի պայքարելու մեդալների համար, անպայման կպայքարենք, բայց նախօրոք որևէ մարզիչ նման խոստում տալ չի կարող, ես դա աբսուրդ կհամարեմ:

Ինձ համար ամենակարևորն այն է, որ Եվրոպայի այս առաջնությունում մեր մարզիկներն առանց վնասվածքների հանդես գան, որպեսզի կարողանան աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունում օլիմպիական բարձր վարկանիշ ձեռք բերել, և շատ ծանրորդներով մասնակցենք օլիմպիական խաղերին»,- նշեց մեր զրուցակիցը:

Գլխավոր մարզիչը նպատակահարմար է գտել այս թիմով մասնակցել Եվրոպայի առաջնությանը, սակայն հավաքականի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր բարձր արդյունքներ ցույց կտան. «Պարզապես մեր փորձառու մարզիկները երկար ժամանակ միջազգային ասպարեզում հանդես չեն եկել, իսկ դա մտածելու տեղիք է տալիս: Պետք է հաճախակի մրցահարթակ բարձրանան հանդիսատեսի ներկայությամբ, զգան մրցակցության մթնոլորտը»:

Մենք նաև հետաքրքրվեցինք` արդյոք  խթանիչների հետ կապված խնդիրներ չե՞ն ծագի մեր հավաքականում: «Արդեն մեկ տարի ութ ամիս է, ինչ եռամսյակը մեկ մեզ մոտ դոպինգ ստուգումներ են լինում: Ընդ որում, ոչ թե 6-7 մարզիկ է ստուգման ենթարկվում, այլ 30-40, այսինքն՝ բոլոր անվանի մարզիկները (նաև երիտասարդներ, պատանիներ), ովքեր միջազգային ասպարեզում հանդես են եկել, նախկինում մեդալներ են բերել: Եվ այդ հարցում խնդիրներ չեն ծագի»,-համոզված նշեց Պ. Պողոսյանը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս