Կոպենհագենում բացվել է Հայաստանի դեսպանատունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից  armlur.am -ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանել է Դանիա: ԱԳ նախարարի այցելության օրակարգի առաջին կետն է եղել Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը բարձրացրել է ՀՀ պետական դրոշը, ապա Է. Նալբանդյանն ու Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը կտրել են կարմիր ժապավենը: Ելույթ ունենալով բացման արարողությանը` Է. Նալբանդյանն ընդգծել է, որ բարձրացնելով Հայաստանի դրոշը Դանիայի մայրաքաղաքում` բարձրաձայնում ենք մեր հավակնությունը` որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել երկկողմ հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել նաև հայ-դանիական պատմական առնչություններին, Հայոց ցեղասպանության տարիներին դանիացի միսիոներների կողմից հայ գաղթականների և որբերի հանդեպ ցուցաբերած մարդասիրությանը, 1988թ. երկրաշարժից հետո Հայաստանին Դանիայի կողմից ցուցաբերած օգնությանը, ինչպես նաև անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ դեսպանությունն իր լուրջ ներդրումը կունենա բարեկամ Դանիայի հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում:ՀՀ դեսպանության բացման արարողությանը ելույթ է ունեցել նաև Ն. Վամենը: Իր խոսքում նա նշել է, որ սա յուրահատուկ օր է, քանի որ դեսպանություններ ամեն օր չեն բացվում, իսկ վերջին անգամ Կոպենհագենում նման իրադարձություն տեղի է ունեցել 2007թ.: Ն. Վամենը բարձր է գնահատել Դանիայում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը:Ն. Վամենը ևս իր խոսքում անդրադարձել է հայ-դանիական պատմական կապերին, դանիացի միսիոներների մարդասիրական գործունեությանը, գոհունակություն հայտնել այսօր ակտիվորեն զարգացող Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում կապրեն: 




Լրահոս