
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը, նվիրված ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը, տեղի կունենա փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իր երկու աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան ներկայացուցիչները կքննարկեն նաև երկու երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների նախապատրաստման հարցերը։
Այս հանդիպումն, ըստ հրապարակման, մեծ դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի կառավարությունում, քանի որ վերջինս մտահոգված է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության կգան «Կիևի մեջքի հետևում»։
ԱՄՆ պատվիրակության կազմում կլինի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի ղեկավարի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։
Ինչպես հաղորդել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը չեն նախատեսում մասնակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սաուդյան Արաբիայում կայանալիք խորհրդակցություններին։
«Հակամարտությունը դադարեցնելու Թրամփի վարչակազմի մոտեցումը հանգեցրել է ամերիկա-ուկրաինական հարաբերությունների լարվածության աճի»,- ընդգծում է հրատարակությունը։
Ինչպես նշում է WP-ն, հակամարտության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները տասնյակ միլիարդավոր դոլարի զենք է մատակարարել Ուկրաինային, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելուց հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող իրեն «անժամկետ ռազմական պարտավորություններ» թույլ տալ Կիևի նկատմամբ: