Հայաստանը ՌԴ-ի հետ Երևանում կքննարկի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խոսեց Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ բանակցությունների մասին՝ նշելով, որ հայկական կողմը շարունակում է քննարկումները Մոսկվայի հետ երկկողմ համաձայնագրի որոշ դրույթների վերանայման նպատակով։

«Ընդհանրապես համաձայնագրի վերաբերյալ մեր պատկերացումները պարբերաբար կիսում ենք ռուս գործընկերների հետ։ Այդ երկխոսությունը շարունակվելու է, ամենայն հավանականությամբ, երևանյան աշխատանքային հանդիպմամբ։ Մենք մեր գործընկերներին հրավիրել ենք Երևան շատ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու նպատակով։ Այդ քննարկումների արդյունքում պարզ կդառնա, թե համաձայնագրի որ դրույթները և ինչպես կարող ենք վերախմբագրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը։

Հայրապետյանի խոսքով՝ հայկական կողմի նպատակն այն է, որ ձևավորվի համաձայնագիր, որը կհասցեագրի առաջացած խնդիրները և կբացառի նախկինում խնդրահարույց համարված կոնտենտը։

«Մեր առաջարկները միտված են նրան, որ ունենանք այնպիսի համաձայնագիր, որտեղ որևէ բաց չի լինի, և բոլոր խնդիրները իրենց հետևանքներով հասցեագրված կլինեն»,-նշեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ չի քննարկվում ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից ընդհանրապես հանելու հարցը, նախարարը պարզաբանեց, որ 2020 թվականի վերջից Հայաստանը յոթ տարով լիցենզիա է տրամադրել, և գոյություն ունի երկու կառավարությունների միջև ստորագրված փաստաթուղթ։




Լրահոս