Ինջիղուլյանի հարազատները հուսահատված են ՊՆ-ի անտարբերությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հուսահատված և վիրավորված են: Պատճառը գերու եղբոր` Հարություն Ինջիղուլյանի փոխանցմամբ, ՊՆ-ի անտարբերությունն ու անճարությունն է:

Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը ՝ հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Armlur.am-ի հետ զրույցում գերու եղբայրը, անդրադառնալով հայրենադարձված Արսեն Խոջոյանին, ասաց, որ բոլորի համար էլ ակնհայտ է պատճառը, թե ինչու են վերադարձրել Խոջոյանին, իսկ իր եղբայրը դեռ գերի է: Նրա համոզմամբ` պատճառը մեկն է` իր եղբայրը զինվոր է, իսկ զինվորին վնասազերծելը թշնամու համար առաջին խնդիրն է:

«Այս պահին Հակոբից ոչինչ չգիտենք: Կարմիր խաչից ասեցին, որ մի քանի օրից նորություններ կհայտնեն: ՊՆ-ի հետ էլ չենք կապվում: Ի՞նչ պահանջենք իրանցից, մարդ որ մի բան չի կարողանում անի, դիմելուց ի՞նչ կփոխվի: Բոլորի համար էլ պարզ է` ինչի տենց էղավ, որ արդեն երկրորդ գերին վերադարձվեց, իսկ Հակոբը դեռ գերության մեջ ա»,- հուսահատված ասաց Ինջիղուլյանի եղբայրը:

Վերջինս անդրադարձավ նաև ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում իր եղբոր հարցի բարձրացմանը` նշելով, որ դրա հետ կապված մեծ հույսեր ունեն և կարծում են, որ ինչ-որ բան կստացվի:

Տաթև Հարությունյան




Լրահոս