ԼՅՈ՞ՒԿՆ ԷԼ Է ԴԱՌՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդեւալեն, ով նոյեմբերի 28-ից ձերբակալված է Երեւանի դպրոցներից մեկում Սերժ Սարգսյանի նկարը ջարդելու մեղադրանքով,  ՀԱԿ  համակիրների հետ, քաղբանտարկյալների նկարները կրծքին փակցրած, 2010 թվականի ձմռան ցրտին պառկել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց եւ հյուրանոց ներսուդուրս անող օտարերկրացիների ուշադրությունն էր հրավիրում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը:
Նոյեմբերի 28-ից Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարանում Քրեական օրենսգրքի 258 հոդվածի՝ խուլիգանություն (պատիժ է սահմանվում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով կամ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ) կասկածանքով գտնվող Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդեւալեի նկատմամբ 7 ժամ շարունակ քննչական գործողություններ են իրականացրել առանց թարգմանչի: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնած Գայանե Վարդանյանը (Լյուկի կինը), ում եւս կասկածում են իրենց  դստեր դպրոցում խուլիգանություն անելու, իսկ ավելի կոնկրետ, ինչպես պնդել է Գուրգեն Մարգարյանի անվան 94 դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը,  դասասենյակներում պտտվելու, հայհոյախոսելու եւ հակաիշխանական կոչեր անելու մեջ, ասաց, որ իր ամուսնուն ոչ պաշտոնապես տրամադրվել է ինչ-որ թարգմանիչ`  հոլանդերենի ինչ-որ ուսուցչուհի, որն իր բուն պարտականությունը` թարգմանելը թողած, Լյուկին ինչ-որ հարցեր է տվել: «Ասում էր` ինչ պետք ա թարգմանիչ, ինձ պետք չի ինչ-որ դատավոր, որ ինձ հարցեր տա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Գայանեն, ում երեք անչափահաս երեխա ունենալու պատճառով ոստիկանները ստորագրությամբ ազատ են արձակել: Ձերբակալության առաջին օրվա երեկոյան Գայանեն փորձել է ամուսնուն փոխանցել ուտելիք եւ նրա դեղերը, սակայն քննիչ Սմբատյանը թույլ չի տվել. «Որ ինքն ամեն օր ստանում է ճնշման, սրտի, խոլեստերինի… բժշկի գրած դեղերը, քննիչն ասում ա` ես իրավունք չունեմ, քանի որ չգիտեմ` ինչ դեղ ա»: Կինը, ի պատասխան, առաջարկել է բժիշկ կանչել, որ նա ասի` ինչ դեղեր են: Ինչ վերաբերում է մեկ բաժակ ջուր չտալուն, ապա դա էլ պատճառաբանել են, թե խողովակները փակ են:
Նշենք, որ միջադեպի առիթ էր հանդիսացել այն, որ Լյուկն ու Գայանեն գնացել են դպրոց` պարզելու, թե ինչու են այնտեղից պարբերաբար ջեռուցման համար գումար պահանջում: Գայանեն ասաց, որ չգիտի, թե ինչ խուլիգանություն է արել դստեր դպրոցում. «Եթե գնում ես դպրոց ու ուզում  ես պարզաբանել, թե ինչու ջեռուցում չկա, զանգում ես թեժ գիծ, ու քեզ ասում են, որ դրամահավաք ընդհանրապես գոյություն չունի, պետությունը ֆինանսավորում է…»: Գայանեն առաջարկեց, որ այս մասին հարցաքննվեն դպրոցի  երեխաները: Իր խոսքերով` ինքը չի հայհոյել եւ կոչեր չի արել: Ինչ վերաբերում է Լյուկի կողմից իբր Սերժ Սարգսյանի լուսանկարը կոտրելուն, ապա Գայանեն ասաց, որ այդ պահին սենյակում չի եղել, սակայն նկատել է, որ դպրոցի տղամարդ աշխատակիցներից մեկը հարձակվել է ամուսնու վրա, իսկ վերջինս հետ քաշվելով` ձեռքը խփել է նկարին:
Նշենք, որ Գայանեն ՀԱԿ անդամ է, իսկ ամուսինը թեեւ Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն ունի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում. «Ինքը դեմ է խանութից սկսած, էդ ապրանքների հին լինելուն, գներին, ինքը դեմ է առհասարակ անօրինական բաներին»: 2008 թվականի արտակարգ դրությունից հետո, երբ Լյուկը կարճ մի շրջան Հայաստանում չէր, խոսում էին, որ նրան Հայաստանի իշխանություններն էքստրադիցիա էին արել, ինչը երեկ մեզ հետ զրույցում հերքեց Գայանեն, ում խոսքով, սակայն, հայ ոստիկանները միշտ էլ «անշնորհք պահելաձեւ են ունեցել» ամուսնու նկատմամբ:  Ձերբակալությունն  էլ իրականացրել են հայավարի, այսինքն` փորձել են 10 հոգով մտնել երեք անչափահաս երեխա ունեցող ամուսինների բնակարան, եւ Գայանեի դիտողությունից հետո է միայն մեկը մտել:
Վաղը` կեսօրին, կլրանա Լյուկի ձերբակալման 72 ժամը, որից հետո նրան կա՛մ պետք է պաշտոնապես մեղադրանք առաջադրվի, կա՛մ պետք է ազատ արձակեն:
Հ.Գ. Երեկ` ուշ երեկոյան, տեղեկացանք, որ ամուսնուն տեսության գնացած Գայանեին հայտնել են, որ Լյուկը տեղափոխվել է Մաշտոցի ոստիկանություն, որտեղ, սակայն, ասել են, որ նրան այդտեղ չեն բերել: Դրանից հետո Գայանեն հաղորդագրություն է ուղարկել հյուպատոսին, որ իրենց քաղաքացին կորել է: Այնուհետեւ նույն ոստիկանը, որն ասել էր, որ Լյուկն իրենց մոտ չէ, կնոջը հայտնել է, որ Լյուկն իրենց առաջին հարկում է: Գայանեն մեզ հայտնեց, որ ամուսինը հյուծված տեսք ուներ, քթից էլ արյուն էր եկել, ինչը Գայանեն կապում է դեղերը չխմելու հետ: Պարզվում է, որ 32 ժամվա ընթացքում Լյուկն ընդամենը մեկ բաժակ թեյ է խմել: Թարգմանիչը եւս այդ պահի դրությամբ տրամադրված չի եղել, ավելի ուշ բերել են, որը եկել է Լյուկի դեմ ցուցմունք տված դպրոցի տնօրենի ուղեկցությամբ: Բելգիացին, բնականաբար, հրաժարվել է նրա ծառայություններից:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս