Էլիտար թշվառները. Հրանուշ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն կրթությունը, անշուշտ, կարևոր է, սակայն շատ քչերը կարող են պարծենալ, որ այն կարող է հեռանկարային ապագայի ու նախանձելի պաշտոնների գրավական հանդիսանալ: Ու, առավել ևս,  մատների վրա հաշվածների համար է, որ  անցած ուղու դիմաց պետությունը օրերից մի օր կփոխհատուցի` նախարարի, ընդ որում, նորաստեղծ նախարարության ղեկավարի պաշտոն տալով: Իսկ քանի որ Հայաստան աշխարհում ամեն օր չէ, որ նախարարություն է բացվում ու այդքան էլ շատերը  չեն, որ իրենց մաշկի վրա զգացել են բոլոր  իշխանություններին լավ ծառայելու հետևանքները:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կենսագրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Վերջինս կյանքից բավականին շատ տարիներ է տրամադրել ուսում ստանալու գործընթացին,  ընդ որում, ավարտել է ոչ միայն հայրենիքի, այլև Մոսկվայի բուհերը` նախ Երևանում կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան և, հավանաբար, սա էլ քիչ համարելով`  40 տարեկանում ավարտել է նաև ԵՊՀ-ն` ստանալով իրավաբանի դիպլոմ: Ոչ պակաս բուռն է ընթացել նաև նրա աշխատանքային գործունեությունը, ընդ որում, հետևելով դրան, ակնհայտ  է դառնում, որ տիկին Հակոբյանը բավական վաղ է գիտակցել, որ կյանքում բարիքներ քաղելու համար կարևոր է անմնացորդ նվիրվել քաղաքականությանը` լինի դա կոմունիստական գաղափարախոսության դավանմա՞ն, ՀՀՇ-ի՞, թե՞ այնուհետ նաև ՀՀԿ-ի բրոշյուրներն անգիր անելու միջոցով: Սրա շնորհիվ էլ մեր հարգարժան նախարարի աշխատատեղը 1986-2008թթ. ոչ մի փոփոխություն չի կրել, բացառությամբ անվան` այդ ողջ ընթացքում նա եղել է նախ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ուղղակի ԳԽ-ի, իսկ հետո  Ազգային Ժողովի պատգամավոր:

Ի դեպ, այստեղ հարկ է նշել, որ Հակոբյանների կլանից համերկրացիները` «քյավառցիք», այնքան են հոգնել, որ խորհրդարանական վերջին ընտրություններից մեկում, օրինակ, իրեն անպարտելի համարող տիկնոջը ձայն տալու փոխարեն՝ գերադասեցին ընտրատարածքից պատգամավոր տեսնել մամուլի դեմ պայքարի ելած ու թերևս դրանով հանրաճանաչ դարձած Տիգրան Արզաքանցյանին (որը, սակայն, ոչ միայն որպես ՀՀԿ-ական, այլև հատկապես որպես մարզից ընտրված պատգամավոր` իրեն ոչնչով չի արդարացնում):

Սակայն, բացի այս ամենից, Հ. Հակոբյանը աչքի է ընկնում կենսագրական այլ մանրամասներով: Օրինակ` նա բարեհաջող դիրքեր է զբաղեցնում հանքեր ունեցող մեր պաշտոնյաների աղյուսակում ու գրեթե աննշան է զիջում հանքային թագուհի համարվող համակուսակից Հերմինե Նաղդալյանին: Ու վստահ կարելի է ասել, որ Հ.Հակոբյանի կարողությունը կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտից ստացվող եկամուտներից ավելանում է եղբոր` էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների գործակալության տնօրեն Կորյուն Հակոբյանի շնորհիվ:

Ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց Ալավերդու լալվարիտի հանքերի անխնա շահագործման հետ կապված պատմությունը, որը բացահայտեց ոչ միայն այն, որ այդ եզակի քարը արտահանվում է  Վրաստանով Ադրբեջան, այլև որ հիմնական արտահանող ընկերության այսպես կոչված «տանիքը» քրիստոնեա-դեմոկրատ Խոսրով Հարությունյանն է, իսկ Հ. Հակոբյանի եղբայրն էլ զբաղեցրած պաշտոնի դիրքերից այդ ամենին ուղղակի մատների արանքով է նայում: Ի դեպ, ալավերդցիները պնդում են, որ ժամանակին լալվարիտի հանքը պատկանել է հենց վերոհիշյալ երկու պաշտոնյաներին:

Հ. Հակոբյանն առհասարակ այն պաշտոնյաներից է, որ կարողությունը դիզում են հարազատների ձեռքերով: Հայաստանի ընդերքից զատ` նրան մեծ եկամուտ է բերում նաև հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնը, որը բարեհաջող ղեկավարում է Խաչանուշ Հակոբյանը` Հակոբյանների կլանի մեկ այլ ներկայացուցիչ: Վերջինս, ի դեպ, աչքի է ընկնում ոչ միայն կանանց առողջության պահպանման գործընթացում ներդրում ունենալու իմաստով (ապահովելով մեր կանանց ժամանակակից սարքավորումներով ստուգվելու հնարավորությունը), այլև նրանով, ով այն ժամանակՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի խնամին էր… Համաձայնեք` ավելի քան խոսուն հանգամանք մեր իրողության մեջ:

Սփյուռքի նախարարն իր կարիերայով բազմիցս է ապացուցել, որ տղամարդու «խվատկա» ունի ու ցանկության դեպքում հաստատ ոչնչով չի զիջի արական սեռի ներկայացուցիչներին, և տարիների ընթացքում դա չի նվազել: Հ. Հակոբյանը հաջողությամբ, փաստորեն, ծնկի բերեց իր դեմ ելած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանին, որը հանդգնել էր դիմել գլխավոր դատախազություն ու «դանոս» անել շեֆի վրա (Հ.Հակոբյանն ի պաշտոնե հիմնադրամի նախագահն է), թե վերջինս առանց իր մասնակցության է որոշում կայացրել տնօրինել այս տարվա բյուջեն: Բողոքի մաս էր կազմում նաև այն, թե ինչու է ՀՀ սփյուռքի նախարարը որոշել բյուջեի  գումարները տրամադրել է մի շարք կազմակերպությունների: Արդյունքում, սակայն, Թ. Պողոսյանը հրաժարական տվեց, իսկ Հ.Հակոբյանը, այսպես ասած, «հետհրաժարական» նկատողություն տվեց Թ. Պողոսյանին` գործառույթները մասնակիորեն կատարելու համար:

Սակայն անդրադառնանք նաև սփյուռքի նախարարություն կոչվածին, որը տիկին Հրանուշը թեև վաստակեց հարուստ կենսագրության շնորհիվ (հերթական անգամ չհիշատակենք իշխանություններին ու նրանց մատուցած ծառայությունների մասին), բայց, այդուհանդերձ, կարծես մոռացել է, որ ոչ թե «հոր դուքանի», այլ պետական կառավարման գերատեսչության հետ կապ ունի: Նրա` աշխարհով մեկ շրջագայությունների մասին լեգենդներ են հյուսում նախարարության աշխատակիցները, քանի որ իրենց նախարարին տեսնում են բացառապես հեռուստատեսությամբ, եթե, իհարկե, այդ շրջագայությունները ընդհանրապես լուսաբանվելու պիտանի են, կամ ավելի հաճախ կարդում են Հ. Հակոբյանի գործունեության մասին` պատրաստելով շաբլոնային մամլո հաղորդագրություններ:   Էլ չենք խոսում այն մասին, որ բազմաթիվ ծրագրեր, ինչպիսիք են, ասենք, աշխարհի տարբեր ծայրերից կորչած-մոլորված լրագրողներ բերելն ու Ղարաբաղում մի քանի օր տանել պահելը չէ, որ նախարարության գործառույթն է: Կամ որ նախարարության գործառույթը չէ նույն այդ ծայրերից երիտասարդներին «Արի տուն» ծրագրով Հայաստան բերելը, քանի որ դա չի կարող արդյունավետ ազդել նախարարության հիմնական նպատակների կյանքի կոչմանը, այն է` մշակել ու իրականացնել  Հայաստան-սփյուռք գործակցության զարգացում և, հատկապես, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր և այլն:

Որպեսզի շատ չերկարացնենք, բաց ենք թողնում նախարարական կիքսերի մասը, որովհետև այն մի ամբողջ հոդվածաշարի թեմա է` պարբերաբար այնպես է ստացվում, որ նախարարը, ասենք, պատվում է ինքնակոչ ՙհայ առաջին տիեզերագնացի՚, իսկ հետո սկսում տակից դուրս գալ: Սակայն, ինչպես ցույց է տվել այս տիկնոջ անցած ուղին, նա միշտ ՙջրից չոր է դուրս գալիս՚ և ցանկացած իշխանության օրոք իր տաքուկ տեղը կունենա:

Սարգիս Դավթյան




Լրահոս