Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է. Մ. Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել, որում ասվում է. 

«Սիրելի հայրենակիցներ,

Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջև, հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը` անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության` ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

1890 -1923թթ.-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի և երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ, հայի յուրաքանչյուր սերունդ` աշխարհի որ անկյունում էլ լինի և որքան էլ ժամանակ անցնի:

Հակառակ Օսմանյան կայսրության և թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրերի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մեր դարավոր մշակույթի տեր ժողովուրդը մաքառեց և 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք – ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից, եռամիասնության` Հայաստանի-Արցախի և Սփյուռքի ընդհանուր ջանքերի շնորհիվ ազատագրվեց Արցախը, և որպես անկախ պետություն Մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով Ցեղասպանության բարդույթից` հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ:

Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր առջև էլ ավելի են բացվել պատմական ճշմարտության վերականգնման հորիզոնները և անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ միասնության են կոչում:

Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել զգոն, ուժեղ և հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը:

Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում` հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները և շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը` հավատն է սեփական ուժերի հանդեպ և որի ուժը` համայն հայության միասնությունն է:

Համայն հայության ներուժը միավորելով, միասնությամբ մենք կհասնենք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը:

Միասնությամբ մենք կպաշտպանենք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հային:

Ուրեմն, միասնությամբ ոգեկոչենք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը` համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգնման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման, հանուն տարածքային փոխհատուցման և հայրենիքի` պատմական Հայաստանի վերամիավորման»:




Լրահոս