2026 թվականի մայիսի 4-ին Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի՝ EPC-ի 8-րդ գագաթնաժողովը։ Այն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Ըստ բաց, նախնական տվյալների, ՀՀ պետբյուջեից 3.5 մլն դոլար կծախսվի:
Ժողովուրդ օրաթերթը Գագաթնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ մայիսի 4-ի միջոցառումը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվրոպական քաղաքական համայնքը ձևաչափ է, որի նպատակն է եվրոպական մայրցամաքի երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացումը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Եվրոպական խորհրդի պաշտոնական էջում նշվում է, որ EPC-ի նպատակներից են նաև Եվրոպայի անվտանգության, կայունության և բարեկեցության ամրապնդումը։
Ովքեր են մասնակցելու
Պաշտոնական տվյալներով՝ Երևանում կայանալիք 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 48 պետությունների և կառավարությունների ղեկավարների։ Հրավիրվածների ցանկում են ԵՄ 27 անդամ պետությունները, ինչպես նաև Ալբանիան, Անդորրան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Իսլանդիան, Կոսովոն, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն, Սերբիան, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը։
Առանձին ուշագրավ է Կանադայի մասնակցությունը․ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հրավիրվել է որպես հյուր, և Եվրոպական խորհրդի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սա առաջին դեպքն է, երբ ոչ եվրոպական երկիր է մասնակցում EPC գագաթնաժողովին։
ԵՄ կողմից Երևանում են լինելու նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը․ նրանք մայիսի 4-ին կմասնակցեն EPC հանդիպմանը, իսկ մայիսի 4-5-ին՝ Երևանում անցկացվող Հայաստան-ԵՄ առաջին երկկողմ գագաթնաժողովին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Թուրքական կողմի մասով հրապարակվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հրավիրվել է Երևանում կայանալիք հանդիպմանը։
Ինչ օրակարգ է նախատեսված
Պաշտոնական օրակարգային շեշտադրումները երեք հիմնական ուղղությամբ են՝ ժողովրդավարական դիմակայունություն, կապակցվածություն, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգություն։ Եվրոպական խորհրդի էջում նշվում է, որ խորքային աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առաջնորդները քննարկելու են, թե ինչպես ավելի սերտ համագործակցել և համակարգել գործողությունները։
Նախատեսված ծրագիրը հետևյալն է՝ մայիսի 3-ի երեկոյան Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից առաջնորդների ընթրիք, իսկ մայիսի 4-ին՝ ժամանումներ, բացման արարողություն, ընտանեկան լուսանկար, բացման լիագումար նիստ, ոչ պաշտոնական ճաշ, երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, կլոր սեղաններ, փակման լիագումար նիստ և մամուլի հայտարարություններ։
Գագաթնաժողովը նաև նախորդելու է Հայաստան-ԵՄ առաջին երկկողմ գագաթնաժողովին, որը ևս անցկացվելու է Երևանում՝ մայիսի 4-5-ին։ Այդ հանդիպմանը Հայաստանը ներկայացնելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ ԵՄ-ն՝ Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը։  Ինչու է այս գագաթնաժողովը կարևոր Հայաստանի համար Երևանում նման ձևաչափի անցկացումը Հայաստանի համար ունի ոչ միայն արարողակարգային, այլև քաղաքական նշանակություն։ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 6-ին կազմակերպչական հարցերի քննարկման ժամանակ նշել է, որ մայիսի 4-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովը լայնամասշտաբ միջոցառում է և մեծ քաղաքական նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության համար։
Հայաստանի տեսանկյունից սա նաև հնարավորություն է մեկ հարթակում ընդունելու եվրոպական և հարևան երկրների ղեկավարներին՝ հատկապես այն ֆոնին, երբ օրակարգում են տարածաշրջանային անվտանգությունը, Հայաստան-Ադրբեջան գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, էներգետիկ և տնտեսական կապերը, ինչպես նաև հաղորդակցության ուղիների հարցը։ Ծախսերն ով է հոգում Հրապարակված տվյալներով՝ գագաթնաժողովի կազմակերպման հիմնական ծախսերը հոգում է Հայաստանի պետական բյուջեն։ 2025 թվականի հոկտեմբերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ 2026 թվականի պետական բյուջեով Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար նախատեսվում է 1 մլրդ դրամ։
Բացի այդ, 2026 թվականի մարտի 19-ին կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ հատկացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին՝ գագաթնաժողովի պատշաճ անցկացման համար անհրաժեշտ հրատապ աշխատանքների նպատակով։
Ընդհանուր հաշվով, առկա բաց տվյալներով, եվրոպացի հյուրերին ՀՀում 2-3 օր հյուրընկալելու համար մոտ 3.5 մլն դոլար կծախսվի: Կառավարության և վարչապետի աշխատակազմի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հայկական կողմը կազմակերպչական աշխատանքներ է իրականացրել ենթակառուցվածքների, տեխնիկական հագեցման, լոգիստիկ հասանելիության և միջոցառման վայրի նախապատրաստման ուղղություններով։
Սակայն մասնակից երկրների պատվիրակությունների ճանապարհածախսի, անվտանգության կամ առանձին ներքին ծախսերի ամբողջական բացվածք պաշտոնական հրապարակումներում այս պահին ամբողջությամբ ներկայացված չէ։




























