Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման համաձայն՝ թեև ՀՀ-ում ընդհանուր կոռուպցիոն հանցագործությունների թիվը նվազել է, սակայն մի շարք կարևոր ուղղություններով, հատկապես պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասով, արձանագրվել է աճ։
Ըստ ներկայացված տվյալների՝ 2025 թվականին գրանցվել է 996 կոռուպցիոն հանցագործություն՝ 2024 թվականի 1116-ի դիմաց (նվազում՝ 10,8%)։ Սակայն նույն ժամանակահատվածում զգալիորեն աճել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ դրանց անցման դեպքերը՝ հասնելով 389-ի (նախորդ տարի՝ 364)։ Աճ է գրանցվել նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության (41 դեպք՝ 26-ի դիմաց), մասնավոր ոլորտում լիազորությունների չարաշահման (49՝ 38-ի դիմաց) և հատկապես փողերի լվացման դեպքերի (46՝ 15-ի դիմաց) մասով։
Դատախազությունը փաստում է, որ չարաշահումների աճը նկատվում է նաև հայտարարագրման ոլորտում․ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դեպքերը աճել են՝ հասնելով 22-ի (նախորդ տարի՝ 13)։
Քրեական վարույթների վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ համակարգում խնդիրները պահպանվում են․ 2025 թվականին քննվել է 3024 կոռուպցիոն վարույթ, որոնցից միայն 980-ն է ավարտվել։ Ընդ որում՝ դրանց մեծ մասը՝ 669-ը, կարճվել է, այդ թվում՝ 489-ը արդարացման հիմքով։ Միաժամանակ, դատարան է ուղարկվել 311 վարույթ՝ 772 անձի վերաբերյալ, ինչը վկայում է, որ որոշ գործերով քննությունը ավելի ակտիվ փուլ է մտնում։
Հատկանշական է նաև, որ կոռուպցիոն գործերով դատարաններում ավելացել է արդարացվածների թիվը՝ 55 անձ՝ նախորդ տարվա 17-ի դիմաց, ինչը ևս կարող է վկայել նախաքննության որակի խնդիրների մասին։
Հաշվետվության մեջ ընդգծվում է, որ կոռուպցիոն հանցագործություններով պատասխանատվության են ենթարկվել տարբեր ոլորտների պաշտոնատար անձինք՝ ներառյալ բարձր պաշտոն զբաղեցրած անձինք, դատական համակարգի ներկայացուցիչներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչպես նաև համայնքային կառույցների ղեկավարներ։ Միայն 2025 թվականին դատի է տրվել 298 նախկին և գործող պաշտոնյա։
Դատախազությունը առանձնացնում է նաև մի շարք աղմկահարույց գործեր, որոնք վերաբերում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լիազորությունների չարաշահմանը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը, խոշոր չափերի գույքի յուրացմանն ու փողերի լվացմանը։
Ընդհանուր առմամբ, հաշվետվությունը ցույց է տալիս, որ թեև կոռուպցիոն հանցագործությունների ընդհանուր թիվը նվազում է, սակայն պաշտոնեական լիազորությունների չարաշահումների, ֆինանսական հանցագործությունների և համակարգային խախտումների աճը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ իրավապահ համակարգի համար։
Ա․ Վարդանյան




























