Ճապոնական «Նիկկեյ» բիզնես թերթի տվյալներով՝ ՆԱՏՕ-ն սկսել է ուսումնասիրել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կորեայի Հանրապետությունում և Ճապոնիայում գտնվող տիեզերական արձակման կետերի փոխադարձ օգտագործման հնարավորությունը համատեղ արբանյակային արձակումների համար։
Թերթի աղբյուրների համաձայն՝ առաջարկը ենթադրում է չորս հնդկա-խաղաղօվկիանոսյան գործընկերների միանալը ՆԱՏՕ-ի կողմից 2024 թվականին մեկնարկած «Սթարլիֆթ» ծրագրին։ Ծրագրի շրջանակներում ավելի քան 10 անդամ պետություններ, այդ թվում՝ Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան, փոխադարձաբար տրամադրում են իրենց տիեզերական արձակման կետերին մուտք գործելու հնարավորություն։
«Սթարլիֆթ»-ի հայտարարված նպատակն է ապահովել պահեստային արբանյակների արագ արձակումը ուղեծիր՝ առկա արբանյակների վնասման կամ ոչնչացման դեպքում։ Ծրագիրը ներառում է ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային արբանյակներ։
«Նիկկեյ»-ն նշում է, որ Տոկիոն, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում ծրագրին իր մասնակցությանը։ Այնուամենայնիվ, ընդգծում է, որ Ճապոնիայի մասնակցությունը կպահանջի հատուկ համաձայնագրի կնքում, ինչպես նաև սահմանները հատող սարքավորումների մաքսային ձևակերպումների հարցերի լուծում։




























