Գյումրի. Չորս որբ երեխաներ առանց բնակարանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու հին թաղամասերից մեկի կիսանկուղային, կոմունալ հարմարություններից և անգամ ջրից զուրկ տանը մի կերպ պատսպարված են երկկողմանի ծնողազուրկ չորս երեխաներ: Այդ տունը նրանց սեփականությունը չի համարվում և նրանք ընդամենը ժամանակավորապես հաշվառված են, իհարկե եթե երկու փոքրիկ ու խոնավ սենյակներով կիսախարխուլը, որից մեկն առանց պատուհանի, կարելի է տուն համարել: Հովսեփյանների ընտանիքի ամբողջ հոգսն ընկած է մեծ տղայի` 22-ամյա Նորայրի վրա: 2011 թ. փետրվարին անկողնային երկրարատև հիվանդությամբ տառապող ընտանիքի հորը հիվանդանոցում խնամելիս հանկարծամահ է լինում երեխաների մայրը, երեք օր անց մահանում է նաև հայրը: Նորայրը, իրենց ընտանիքի սոցիալական ծանր պայմանների պատճառով, ստիպված կիսատ թողնելով ուսումը վերադառնում է Գյումրի և ներկայումս խնամում է իր անչափահաս եղբայրներին և քրոջը: Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող թոշակի բարձր լինելու պատճառաբանությամբ, արդեն 6-րդ ամիսն է այս ընտանիքը զրկված է սոցիալական նպաստից: Ինչպես նմանատիպ սոցիալապես ծանր պայմաններում հայտնված շատ այլ ընտանիքեր, այս ընտանիքը ևս որևէ օգնություն և աջակցություն չի ստանում:   Ցավոք Գյումրիում ներկայումս այնքան էլ հաճախ չենք հանդիպում “Գյումրվա թասիբ” ասված երևույթին, սակայն երբ ծանոթացանք այս ընտանիքի պատմությանը, մի կողմից ցավ ապրեցինք, որ նման սարսափելի պայմաններում են ապրում չորս որբ երեխաները, մյուս կողմից հպարտություն, որ այս երեխաների մեջ “Գյումրվա թասիբ” ասվածն ավելի էր նկատելի, քան շատ ու շատ մեծահարուստ գյումրեցիների:         




Լրահոս