ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին ստորագրել է N 550-Ու որոշումը, որով հաստատվել են «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի» ղեկավար մարմինների ձևավորման նպատակով ստեղծվող մրցութային հանձնաժողովների անհատական կազմերը։
Որոշմամբ ձևավորվել են երկու առանձին մրցութային հանձնաժողովներ, որոնք պատասխանատու կլինեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության գործընթացների կազմակերպման համար։
Վարչապետի որոշման իրավական հիմք են հանդիսացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համապատասխան դրույթները։
Փաստաթղթի համաձայն՝ հանձնաժողովները պետք է ապահովեն ընտրական գործընթացների պատշաճ կազմակերպումը և մրցութային ընթացակարգերի իրականացումը՝ օրենքով սահմանված կարգով։
Նշենք, որ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կարևոր դեր է ունենալու Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման և կառավարման գործընթացում, իսկ ղեկավար մարմինների ձևավորումը համարվում է հիմնադրամի գործունեության մեկնարկային կարևոր փուլերից մեկը։
Սոնա Գրիգորյան
























































































