ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական կուլիսներում կադրային ակտիվ գործընթացներ են ընթանում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին թեժ քննարկումների առանցքում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցն է։
ArmLur.am-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 29-ին նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում քննարկման հիմնական թեման լինելու է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցը։
Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մինչև իր արձակուրդի ավարտը փակել այս հարցը՝ իշխանության ներսում վերջնականացնելով կադրային դասավորությունը և քաղաքական թիմին նախապատրաստելով Ազգային ժողովում սպասվող վարչապետի ընտրության գործընթացին։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության նիստում հերթով կներկայացվեն 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուները, կլսվեն նրանց ելույթները, որից հետո վարչությունը կկատարի իր ընտրությունը։ Դրանից հետո արդեն թեկնածությունները կներկայացվեն Ազգային ժողով, որտեղ էլ տեղի կունենա նրանց պաշտոնական ընտրությունը։
Չի բացառվում, որ եթե մեկ նիստի ընթացքում չհաջողվի ավարտին հասցնել բոլոր քննարկումները, գործընթացը շարունակվի հաջորդ օրը։
Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ թեկնածուների առաջադրումները փաստացի արդեն ավարտված են, իսկ հիմնական քաղաքական որոշումները՝ կայացված։ Սա նշանակում է, որ վարչության նիստն ավելի շատ լինելու է այդ որոշումների հրապարակային ձևակերպման և վերջնական հաստատման փուլ, քան իրական մրցակցային ընտրություն։
Հանձնաժողովների նախագահների կազմը կարևոր նշանակություն ունի ոչ միայն խորհրդարանի ընթացիկ աշխատանքի կազմակերպման, այլև առաջիկա քաղաքական գործընթացների տեսանկյունից, քանի որ հենց այդ պաշտոններն են ապահովում օրենսդրական օրակարգի կառավարումը և խորհրդարանական մեծամասնության ազդեցությունը առանցքային ոլորտների նկատմամբ։
Սոնա Գրիգորյան
Մանրամասերը՝ տեսանյութում․



























