ArmLur.am գրում է․ 2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության արդյունքներն ամփոփվել են։ Թեև այս տարի Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում ուսումը կսկսի 10 958 առաջին կուրսեցի, ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ ընդունելության գործընթացում շարունակում են պահպանվել մի շարք մտահոգիչ ցուցանիշներ։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ հիմնական փուլով բուհ էր ընդունվել 9885 դիմորդ, իսկ լրացուցիչ փուլով՝ ևս 1073-ը։ Ընդհանուր առմամբ ընդունվել է 10 958 դիմորդ, սակայն կառավարության կողմից 2026-2027 ուսումնական տարվա համար հատկացված 12 720 տեղերից համալրվել է միայն 10 958-ը։ Սա նշանակում է, որ 1762 տեղ կամ նախատեսված տեղերի գրեթե 14 տոկոսը (13,85%) մնացել է թափուր։
Մյուս ուշագրավ ցուցանիշն այն է, որ բուհ և մասնագիտություն հայտագրած 15 859 դիմորդներից ընդունվել է միայն 69,1 տոկոսը։ Այսինքն՝ 4901 դիմորդ կամ գրեթե յուրաքանչյուր երեք դիմորդից մեկը չի կարողացել ընդունվել։
Պատկերը մտահոգիչ է նաև հանրակրթական դպրոցների շրջանավարտների համատեքստում։ Այս տարի դպրոցն ավարտել է 22 205 աշակերտ, սակայն նրանցից բուհ է ընդունվել ընդամենը 10 958-ը, այսինքն՝ 49,35 տոկոսը։ Ստացվում է, որ շրջանավարտների կեսից ավելին այս տարի առաջին կուրսեցի չի դառնա։
Լրացուցիչ փուլն էլ չի կարողացել ամբողջությամբ լուծել խնդիրը։ Այդ փուլին մասնակցել է 1294 դիմորդ, սակայն ընդունվել է միայն 1073-ը, այսինքն՝ 221 դիմորդ կրկին մնացել է բուհից դուրս։
Չնայած դրան՝ կրթության ոլորտում արձանագրվել է նաև ակտիվության աճ։ 2026 թվականին ընդունելության առաջին և երկրորդ փուլերում ներկայացվել է 28 929 դիմում-հայտ, ինչը շուրջ 1300-ով ավելի է, քան նախորդ տարի։ Առաջին փուլում միասնական քննությունների համար հայտագրվել էր 12 447 դիմորդ՝ մոտ 800-ով ավելի, իսկ երկրորդ փուլում՝ 16 482 դիմորդ՝ 471-ով ավելի, քան մեկ տարի առաջ։
2026-2027 ուսումնական տարվա համար կառավարությունը հատկացրել էր 12 720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10 587-ը՝ վճարովի։ Անվճար տեղերի 60,1 տոկոսը (1282 տեղ) հատկացվել է բնագիտամաթեմատիկական, տեխնոլոգիական և ճարտարագիտական ուղղություններին։
Ընդունվածների մեծ մասը՝ 96,3 տոկոսը, սովորելու է պետական բուհերում, իսկ 3,7 տոկոսը՝ ոչ պետական։ Հիմնական փուլում 1876 դիմորդ ստացել է ուսման վճարի լրիվ փոխհատուցում, այդ թվում՝ 50-ը՝ նպատակային ուսուցմամբ, իսկ ևս 183 դիմորդ ընդունվել է օրենսդրությամբ սահմանված արտոնություններով։
Ըստ նախնական տվյալների՝ ընդունվածների թվով առաջատար են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Բուհ ընդունվածների շուրջ 84 տոկոսը սովորելու է առաջատար տասը բուհերում։
Ամենապահանջված մասնագիտությունը մեկ տեղի հաշվով կրկին Երևանի պետական բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիան» է՝ մեկ տեղի համար երեք դիմորդ մրցակցությամբ։ Դրան հաջորդում են ԵՊՀ «Տնտեսագիտությունը» (2,7 դիմորդ մեկ տեղի համար) և Ռուս-հայկական համալսարանի «Իրավագիտությունը» (2,5 դիմորդ մեկ տեղի համար)։
Դիմորդների ընդհանուր թվով ամենապահանջված մասնագիտությունը եղել է ԵՊԲՀ «Բուժական գործը», որի համար ներկայացվել է 832 հայտ, սակայն ընդունվել է 397 դիմորդ։ Հաջորդում են Ճարտարապետությունը՝ 442 հայտ և 245 ընդունված, ինչպես նաև ՀՊՏՀ «Տնտեսագիտությունը»՝ 402 հայտ և 205 ընդունված։
Թեև կրթության նախարարությունը նշում է, որ դիմումների աճը վկայում է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացման մասին, վերջնական արդյունքները ցույց են տալիս, որ հազարավոր դիմորդներ կրկին դուրս են մնացել բուհերից, իսկ պետության կողմից ֆինանսավորվող և վճարովի ընդհանուր 1762 տեղ այդպես էլ չի համալրվել։ Սա նշանակում է, որ միաժամանակ առկա են թե՛ չընդունված հազարավոր դիմորդներ, թե՛ թափուր մնացած ուսումնական տեղեր, ինչը շարունակում է հարցեր առաջացնել բուհական ընդունելության գործող համակարգի արդյունավետության վերաբերյալ։
Ամբողջական տվյալները, այստեղ՝ https://www.hesc.am/hy/2026/08/04/18386/
Ա․ Վարդանյան






















