ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ մեկուսարանից տարել են քննչական։ Եվ այս պահին Քննչական կոմիտեում պետք է իրականացվի առերեսում։
Իսկ ի՞նչ նպատակով է իրականացվում առերեսումը։
«Առերեսումը երկու անձանց մասնակցությամբ նրանց միաժամանակյա հարցաքննությունն է միևնույն հանգամանքի շուրջ»։
Նախաքննական մարմինը վիճելի հանգամանքների ճշգրտման նպատակով նախօրոք հարցաքննված երկու անձանց միաժամանակյա հարցաքննություն է իրականացնում, որոնց ցուցմունքներում մինչ այդ առկա են եղել էական հակասություններ։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։
Հուլիսի 7-ին նա կալանավորվել է երկու ամսով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։
Քնար Մանուկյան




























