ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս հեռուստատեսությամբ լսել եմ, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն` 2012 թվականին իրենց ավանդները կստանան միայնակ, անժառանգ կենսաթոշակառուները: Ուզում եմ իմանալ, եթե «Փարոս»-ի անդամ չեմ, կարո՞ղ եմ իմ ավանդը ստանալ, ես  նույնպես միայնակ, անժառանգ կենսաթոշակառու եմ, ընդհանրապես բարեկամներ չունեմ:

Իրինա Մելիքսեթյան, 72 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացն իրականացվում է «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով եւ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Համաձայն նշված իրավական ակտերի` ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար որպես առաջնահերթ պայման սահմանվել է 2005թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստ ստանալու հանգամանքը:
Եւ քանի որ նա նշված ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ չի եղել, ուստի ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ձեռք չի բերել:
Տեղեկացնում ենք, որ «ավանդ» եւ «ավանդի դիմաց տրվող դրամական փոխհատուցում» հասկացությունները նույնը չեն, քանի որ ՀՀ կողմից նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով ներդրած դրամական ավանդները չեն վերադարձվում, այլ տրամադրվում է ներդրված ավանդների դիմաց դրամական փոխհատուցում, ինչն իրենից ներկայացնում է դրամական օգնություն սոցիալապես անապահով ավանդատուներին:
Փոխհատուցման տրամադրմամբ ավանդային հարաբերությունները բանկի եւ ավանդատուի միջեւ չեն դադարում: Անձի` որպես ավանդատու, օրենքով երաշխավորված իրավունքները պահպանվում են:

Սոցիալական  աջակցության վարչության
պետ Աստղիկ Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրենց գումարները ստանալու հույսը մարդիկ այդպես էլ չեն կորցնում, թեեւ փոխհատուցման պայմաններն այնքան խիստ են, որ շատ քչերին է հաջողվում ժամանակին կորցրած խոշոր գումարներից ինչ-որ չնչին մասնաբաժին հետ ստանալ:




Լրահոս