Armenian text to speach

Թրամփը Զելենսկիին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանում դիզվառելիքի ենթակառուցվածքների թիրախավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դադարեցնել Ռուսաստանում դիզվառելիքի արտադրության և ենթակառուցվածքների թիրախավորումը՝ հայտարարելով, որ այդ հարվածները նպաստում են վառելիքի պակասին և «վնասում են աշխարհին»։

Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը նման հայտարարություն է արել սեպտեմբերի 13-ին Իռլանդիայում՝ Irish Open գոլֆի մրցաշարի ընթացքում լրագրողների հետ զրույցում։

«Պարոն Զելենսկին պետք է մեկ բան անի՝ դադարեցնի Ռուսաստանում դիզվառելիքի ոչնչացումը։ Կան բազմաթիվ այլ թիրախներ։ Մի հարվածեք դիզվառելիքին։ Դա վնասում է աշխարհին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ այդ հարցը քննարկվել է նաև Զելենսկիի հետ։ Նա պնդել է, որ աշխարհում վառելիքի պակասը պայմանավորված չէ միայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, այլ նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով։

Վերջին ամիսներին Ուկրաինան հեռահար անօդաչու թռչող սարքերով մի շարք հարվածներ է հասցրել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Reuters-ի տվյալներով՝ այդ հարձակումների հետևանքով նվազել է Ռուսաստանում վառելիքի արտադրությունը, ինչն էլ երկրի տարբեր հատվածներում բենզինի պակաս է առաջացրել։

Ուկրաինան, որը պարբերաբար բախվում է Ռուսաստանի կողմից սեփական էներգետիկ ենթակառուցվածքների հարվածներին, պնդում է, որ նավթավերամշակման գործարանները օրինական ռազմական թիրախներ են։

Միաժամանակ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի ազգային միջին գինը սեպտեմբերի 10-ին առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը՝ ըստ GasBuddy-ի տվյալների։ Դիզելն օգտագործվում է բեռնատարների, գնացքների, նավերի և գյուղատնտեսական տեխնիկայի համար։

Reuters-ը նաև նշում է, որ Ռուսաստանը 2026 թվականի նավթի արդյունահանման կանխատեսումը նվազեցրել է՝ հասցնելով վերջին 17 տարվա ամենացածր մակարդակին։ Կառավարության նախնական կանխատեսման համաձայն՝ պատերազմը ազդեցություն է ունեցել նաև 2026 և 2027 թվականների համար Ռուսաստանի վառելիքի արտահանման հեռանկարների վրա։

Անի Վարդանյան




Լրահոս