Ճապոնիայում 100 տարեկան և բարձր մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է 100 հազարը՝ հասնելով 107 677-ի։ Նրանց 88%-ը կանայք են։ Երկրում ամենատարեց կինը 114-ամյա Կիշիմոտո Ֆույոն է, իսկ տղամարդը՝ 112-ամյա Կատո Հիկարուն։
Ճապոնիայի երկարակեցությունը մասնագետները կապում են առողջ սննդակարգի և ակտիվ կենսակերպի հետ։ Միաժամանակ երկիրը բախվում է բնակչության արագ ծերացման և ծնելիության անկման խնդրին։ 65 տարեկանից բարձր մարդիկ արդեն կազմում են բնակչության մոտ 30%-ը, իսկ ծնելիության մակարդակը նախորդ տարի նվազել է ռեկորդային ցածր՝ 1.14-ի։
Կանխատեսումների համաձայն՝ Ճապոնիայի բնակչությունը մինչև 2070 թվականը կարող է նվազել մինչև 87 միլիոն, իսկ 65 տարեկանից բարձր բնակիչների մասնաբաժինը հասնել գրեթե 40%-ի։ Կառավարության բազմաթիվ ծրագրերը դեռևս չեն կարողացել էականորեն բարձրացնել ծնելիությունը։




























