ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Ասրյանը հոկտեմբերի 1-ից նշանակվել է վարչապետի օգնական։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ով է վարչապետի նոր օգնականը, ինչ կրթություն և աշխատանքային փորձ ունի։
Արամ Ասրյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ 2003-2007 թվականներին սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան, իսկ 2007-2009 թվականներին նույն բուհում ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան։
2012-2013 թվականներին սովորել է Գիլդֆորդի Իրավաբանության քոլեջում՝ ստանալով Graduate Diploma in Law (GDL)։ 2014-2015 թվականներին ուսումը շարունակել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ ստացել է իրավագիտության և ֆինանսների մագիստրոսի աստիճան (MSc)։
Ասրյանը մասնագիտական որակավորմամբ Անգլիայի և Ուելսի իրավաբան է (Solicitor of England and Wales)։
Նրա մասնագիտական գործունեությունը սկսվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայում։ 2006-2014 թվականներին աշխատել է միջազգային և տեղական իրավաբանական ընկերություններում՝ զբաղվելով առևտրային, կորպորատիվ և հարկային իրավունքով։
2015-2018 թվականներին աշխատել է BCS Financial Group-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։ Ընկերությունը կառավարում էր 9 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։
2018-2025 թվականներին Ասրյանը եղել է տեխնոլոգիական ընկերություն Soveren Inc.-ի գլխավոր իրավախորհրդատուն։ 2025-2026 թվականներին նա եղել է AI SaaS ուղղությամբ գործող Lawgmented Inc.-ի հիմնադիրը։
Արամ Ասրյանը վարչապետի այն 1141 հայտատուներից մեկն է, որոնք Փաշինյանի՝ հունիսի 15-ի կոչից հետո դիմել էին Կառավարության կադրային բանկում ընդգրկվելու համար։ Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքում նա ընդգրկվել է կադրային բանկում։
Նշենք, որ Արամ Ասրյանը անկուսակցական է և ամուսնացած չէ։
Անի Վարդանյան























































































